Վերլուծություն

Ընդդիմությունը կրկին պարապ է մնացել. մի անհարմար դիպվածի հետքերով

Խորհրդարանական ընդդիմության ինքնագործուղումն Արցախ ավարտվեց՝ դեռ չսկսված։ Ինչ խոսք, եթե այդ այցը լիներ առանց տրաֆարետային ու բարձրագոչ հայտարարությունների, թերևս կայանար՝ մի քանի լուսանկարով, մի երկու քարոզչական ռելիզով, արարողակարգային հանդիպումներով ու զգացմունքայնությամբ։ Բայց խորհրդարանական ընդդիմությունը ոչ ուզում է, ոչ էլ կարող է զատել իրական քաղաքական գործողությունն ու քարոզչական ակցիան, ուստի տուրք տվեց հերթական բովանդակազուրկ բոյկոտին՝ կանխատեսելի շարունակությամբ։

Ընդդիմության ապրիլհինգյան հանրահավաքն ու դրան հաջորդած քայլերի պարզունակությունը տեղ չեն թողնում ոչ քննադատության, ոչ վերլուծության, ոչ էլ, անգամ, ծաղրի, քանի որ Հայաստանն այն մարտահրավերների առաջ չէ, որպեսզի մանրախնդիր ու հեգնական մեկնաբանությունների շքեղությունը մեզ կարողանանք թույլ տալ։ Արցախի դրոշի շուրջ ստեղծված արհեստական աժիոտաժը, քաղաքական բովանդակության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունները, սեփական անկարողությունից ծնված՝ արտաքուստ հախուռն, սակայն էության մեջ մանկամիտ նեղացկոտության դեմարշները ոչ այնքան բերում են ընդդիմության վարկաբեկմանը, որքան, որ ավելի վատ է, ընդդիմությունը կորցնում է քաղաքական սուբյեկտայնությունը։

Վերջին դրվագի մարտահրավերները շատ ավելի խորքային են, քան այս կամ այն ապակառուցողական ու ոչ կոռեկտ տեքստերը։ Հայաստանյան՝ առանց այն էլ աննախանձելի վիճակում գտնվող քաղաքական դաշտում ընդդիմությունը, փաստացի, հրաժարվում է պետական իշխանության իր մասնաբաժնից և դրանով իսկ տորպեդահարում ներքաղաքական կյանքն ընդհանարապես։ Ի վերջո, անկախ հանգամանքներից, 2021թ. ձևավորված խորհրդարանը, թեկուզ և սույն պնդումը ոմանց քիմքին կարող է հաճելի չլինել, լիովին համապատասխանում էր հայաստանյան հասարակության տրամադրություններին։ Այսինքն, քայլերի հաջորդականությամբ և վարքագծով խորհրդարանական ընդդիմությունն ինքն իրեն դուրս է դնում երկրի համար կարևորագույն այս հանգրվանում իր պատասխանատվության տիրույթից։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք ընդդիմությունը գործում է քաղաքական որոշման սկզբունքներով, թե՞ պարզապես ամենասովորական, պարզ, մարդկային ալարկոտության մղումով։ Չէ՞ որ ապրիլի 13-ին կառավարությունը ԱԺ-ում ներկայացրեց 2021թ. կատարողականի զեկույցը, վարչապետը եկավ ելույթով՝ բազմաթիվ խնդրահարույց ու արմատական հարցերի անդրադառնալով։ Այսժամ ընդդիմությունն ուներ կառավարությանն ու վարչապետին հարցեր տալու հրաշալի հնարավորություն։ Վերջապես, սեփական մտահոգություններն արտահայտելու համար Ազգային ժողովը, իր բոլոր թերություններով հանդերձ, անհամեմատ ավելի լավ հարթակ է, քան Աղավնո գյուղի արվարձանը։

Կարճ ասած՝ շատ երկար կարելի է մտատանջվել, թե որն է ընդդիմության վարքագծի իրական շարժառիթը։ Եվ տարակուսանքների այս շղթան շարունակվում կամ ընդհատվում է դեպի Արցախ ինքնագործուղման վերջնարդյունքով, երբ ընդդիմադիր պարտագամավորների «հաղթարշավը» ընդհատվում է լիովին անսպասելի մի կետում՝ ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։ Այս դրվագը կհավակներ տարօրինակության գագաթնակետին, եթե այդ առումով ռեկորդ չսահմանեին հենց իրենք՝ ընդդիմադիրները, իրենց ավելի տարօրինակ ու անտրամաբանական մեկնաբանություններով, թե իշխանությունն ու ադրբեջանական կողմն են արգելել իրենց մուտքն Արցախ։ Ի հեճուկս ամենայն ջանքի՝ անհնար է այս մեկն արդեն բացատրել պարզամտությամբ, քանի որ հստակ նկատելի է հասարակությանը, թող ներվի ասել, հիմարի տեղ դնելու դրսևորումը։ Եթե, ըստ ընդդիմադիրների, ՀՀ իշխանությունը կարող է հրահանգավորել ռուսական խաղաղապահ ուժերին, ապա կարող ենք արձանագրել, որ դրանք խաղաղապահներ չեն, այլ հայաստանյան ԶՈՒ ստորաբաժանում։ Ինչ է՝ Միութենական պետության մեջ անվտանգություն տեսնող տիտղոսային ընդդիմությունն է՞լ է վարկաբեկում Արցախի անվտանգության երաշխավոր հռչակված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։

Այս դիպվածի մեկ այլ կողմն առավել հետաքրքիր է քարոզչական դրսևորման համատեքստում, այն է՝ հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները «համագործակցում են»։ Այս պրոպագանդան նոր չէ, սակայն վաղուց արդեն արդյունավետ էլ չէ, քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ձևաչափով են իրականացվում հայ-ադրբեջանական շփումները, և՝ ո՛ր երկրի միջնորդությամբ։ Վերոնշյալի ասպեկտում, եթե փորձենք շատ, թե քիչ բանական բացատրություն գտնել ընդդիմության հայտարարություններին, ապա, թերևս, հանգենք նրան, որ ընդդիմությունն ուղղակի առիթ է որոնում՝ հերթական անգամ մի «առեղծվածային երրորդ ուժի» քարոզչական թեզերը հանրային օրակարգում պահելու համար։ Ուստի և որոշել է դրա իրականացման նպատակով դիմել ամենաապարդյուն ակցիային՝ հերթական անգամ վարկաբեկելով իրեն, և, ըստ էության, հիմար վիճակում դնելով արջի ծառայության շահառու «ուժին»։

Աղասի Մարգարյան