Միջազգային

Մակրոնը Բայդենին պատմել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպումների մասին

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 9-ին, զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Պետությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ֆրանսիայի ղեկավարի վերջին հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Սպիտակ տունը։ Բացի այդ, կողմերը կարծիքներ են փոխանակել շարունակվող «դիվանագիտության և զսպման ջանքերի» շուրջ՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի շարունակական կուտակման։ Սպիտակ տան մամուլի պատասխանատու Ջենիֆեր Փսակին ակնկալում է, որ Բայդենը մոտ օրերս կխոսի եվրոպացի մի շարք առաջնորդների հետ։

Մակրոնը փետրվարի 7-ին այցելել է Մոսկվա, մեկ օր անց՝ Կիև։ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարեց Ուկրաինայի շուրջ հակամարտությունում լարվածությունը թուլացնելու հնարավորությունների մասին։ Նա խոստովանել է, որ աշխարհաքաղաքական ճգնաժամը լուծելու համար կարող են ամիսներ պահանջվել, հաղորդում է DW-ն։