Միջազգային

Գերմանիայի Բունդեսթագում առաջարկել են բռնագրավել ռուս օլիգարխների ունեցվածքը

«Գերմանիայում ռուս օլիգարխների անշարժ գույքը կարող է բռնագրավվել որպես պատժամիջոցներ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման դեպքում»,֊ հայտարարել է Բունդեսթագի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP) փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը։ Այս մասին նա հայտարարել է կիրակի՝ փետրվարի 13-ին, գերմանական Bild հեռուստաընկերության երեկոյան եթերում։ Լամսդորֆի խոսքերով ռուսաստանյան որոշ օլիգարխներ «հսկայական ունեցվածք ունեն Բեռլինում»։ «Եթե մենք վստահ չենք «X» անշարժ գույքի ֆինանսավորման համար օգտագործվող միջոցների աղբյուրի մասին, մենք պետք է պահանջենք «X» անշարժ գույքը», - առաջարկել է Լամբսդորֆը:

Որպես այլ տեսակի պատժամիջոցներ նա նշել է նաև ազատ տեղաշարժի սահմանափակումը և հաշիվների սառեցումը։ «Պատժամիջոցների այս հարցում մենք պետք է ավելի քաղաքական մոտեցում ցուցաբերենք, մինչ այժմ մեզ մոտ գերակշռում է պատժամիջոցների զուտ իրավական ըմբռնումը»,- ասաց Բունդեսթագի պատգամավորը։ Ըստ Լամբսդորֆի՝ նախագահ Պուտինին պետք է պարզ լինի, որ Ուկրաինայի վրա հարձակումը կնշանակի Եվրոպայի հետ հարաբերությունների ավարտ։ Տնտեսական փոխազդեցությունն այս դեպքում կնվազեցվի բացարձակ նվազագույնի, կսահմանվի գործունեության որոշակի տեսակների արգելքներ, իսկ ռուսական բանկերի վերաֆինանսավորումը չափազանց դժվար կդառնա։

Հիշեցնենք, որ Արևմուտքը տևական ժամանակ խոսում է ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման և Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման սպառնալիքի մասին։ 2021 թվականի երկրորդ կեսին և 2022 թվականի սկզբին Ռուսաստանի Դաշնությունը ավելի քան 100 հազար զինվորական է տեղակայել բռնակցված Ղրիմ և Ուկրաինայի հետ սահմանին։ Կրեմլը հերքում է ռազմական ագրեսիայի ծրագրերը, հաղորդում է DW-ն։