Ֆինանսներ

Երիտասարդները հրաժարվում են բանկային քարտերից

Այսօր երիտասարդները հավանություն են տալիս հարմարավետությանը և այլընտրանքային միջոցներ են փնտրում՝ վճարումներ կատարելու համար։ Միացյալ Թագավորությունում 18-34 տարեկան հարցվածների գրեթե կեսը հայտնել է, որ ներկայումս կրեդիտ քարտեր չի կիրառում։ Այս մասին են վկայում GlobalData-ի տվյալների վերլուծության ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Հարցված երիտասարդների 47%-ը հրաժարվում է կրեդիտ  քարտերից, ինչն զգալիորեն բարձր է՝ 2016թ. ուսումնասիրության 39%-ի համեմատ։ Համեմատության համար նշենք, որ 1981-96թթ. ծնվածների  51%-ն ունեն կրեդիտ քարտեր, մինչդեռ 1965-80թթ. ծնվածների 71%-ն է ունեցել քարտեր։ 

GlobalData-ի բանկային վերլուծաբան Աիմինի Պատանին ասում է, որ այլընտրանքային ֆինանսավորման տարբերակներ կան, ինչպես, օրինակ, BNPL-ի «Buy now, Pay Late» («Գնիր հիմա, վճարիր հետո») համակարգը, որը գնալով ավելի շատ է տարածվում սոցիալական ցանցերում, որտեղ երիտասարդներն ակտիվորեն գնումներ են կատարում։ Երիտասարդների շրջանում  կրեդիտ քարտերից խուսափելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ այժմ լայն տարածում են գտնում վճարային այլընտրանքային ծառայությունները։ Վերլուծաբանները փաստում են, որ, օրինակ, Բրիտանական շուկայում ամենահայտնի մատակարարի՝ Klarna-ի հաճախորդների բազան, 2020թ. վճարային նման համակարգի կիրառման արդյունքում, կրկնակի ավելացել է՝ հասնելով 7-ից 16 միլիոնի:

BNPL-ը թույլ է տալիս գնորդներին՝ մեծ գնում կատարելու պահին պարզապես դիտարկել վճարային տարբերակները՝ առանց բանկում քարտ ստանալու համար դիմելու: Բացի այդ, BNPL-ի ծառայությունները առաջարկում են տոկոսներից զերծ գնումներ, ունեն ավելի մեղմ վարկային ստուգումներ և կառավարվում են հավելվածների միջոցով: Առցանց քարտերի վճարային ծառայությունները հիանալի հնարավորություն են՝ ցույց տալու ֆինանսական հուսալիությունը վարկատուներին։ Վճարումները ճիշտ ժամանակին չկատարելու դեպքում գործում են դրանք հետաձգելու տարբերակներ։ Դրանք նաև նպաստում են մի շարք ընկերությունների շուկայական գործարքների աճին։ GlobalData-ի տվյալներով՝ չնայած բանկերը քայլեր են ձեռնարկում երիտասարդներին իրենց շահառուների ցանկում ներգրավելու համար, այնուամենանիվ, նրանց ջանքերը ձախողվում են։ Պարզվում է, որ հսկայական տոկոսադրույքները վճարային քարտերի պարագայում այնքան էլ գրավիչ չեն՝ վճարային այլընտրանքային ծառայությունների համեմատ։