Ֆինանսներ

«Բարսելոնա»-ն մերժել է crypto-հովանավորներին

Սպորտի և կրիպտոարժույթների աշխարհը շարունակում է միավորվել, քանի որ կրիպտո-պլատֆորմները փորձում են ներգրավել երկրպագուների մեծ խմբեր՝ ապրանքանիշի ճանաչելիությունը մեծացնելու համար: Վերջին ամիսներին կրիպտոարժույթներն ու սպորտի ֆինանսավորման հարցերը գրավել են լրատվամիջոցների ուշադրությունը։

Օրինակ, կրիպտոարժույթների առքուվաճառքով ու գովազդով զբաղվող Crypto.com-ը ընդլայնել է իր ակտիվությունը հատկապես սպորտի ոլորտում: Դեկտեմբերի սկզբին Crypto.com-ը հայտարարել էր, որ դարձել է ԱՄՆ պրոֆեսիոնալ  ֆուտբոլի կանանց թիմի՝ Angel City FC-ի հովանավորը: Crypto.com կրիպտոարժույթների բորսան հովանավորել էր նաև Հարավային Ամերիկայի «Կոնմեբոլ»-ը, ֆրանսիական ՊՍԺ-ն, Իտալիայի գավաթը և «Ֆորմուլա 1»-ը:

Այս շաբաթ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը մերժել էր կրիպտոարժույթով զբաղվող կազմակերպությունների կողմից հովանավոր դառնալու առաջարկները: Լրատվամիջոցների համաձայն՝ «Բարսելոնա»-ն իր այդ որոշումը մեկնաբանել էր՝ պատճառաբանելով, որ իրենք վստահություն չունեն կրիպտոարժույթների շուկայի նկատմամբ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ակումբը բանակցությունների վերջին փուլում է Spotify-ի հետ՝  70-75 միլիոն եվրո գնահատվող գործարքի շուրջ: