Մշակույթ

Երիտասարդ նկարիչները և արվեստի մյուս վարպետներն իրենց գործերը հնարավորություն կունենան ներկայացնել անվճար

Երևանի ավագանու հաջորդ նիստի օրակարգում ընդգրկված է «Ժամանակակից արվեստի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը։ Նախագիծը ներկայացրել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը։

«Սույն նախագծով առաջարկում եմ  «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ին կազմակերպել երիտասարդ նկարիչների ու արվեստի մյուս վարպետների գործերի անվճար ցուցադրություններ. պետության կարևոր գործառույթն է ստեղծագործելու ու արարելու բարենպաստ միջավայր ապահովել երիտասարդ արվեստագետների համար»,- ասել է Վարդանյանը։

Նուարդ Վարդանյանը նաև սիրո կոչ է արել. «Այս մթնոլորտում աշխատելը, ես վստահ եմ, որ անկախ նրանից՝ ընդդիմադիր ես, թե իշխանություն՝ որևէ մեկի համար հաճելի չէ։ Բոլորիս հոգում և սրտում նստվածք է թողում։ Կուզեք ընդունեք ինձ որպես Ձեր համաքաղաքացի, որպես քույր կամ ընկեր, բայց ես Ձեզ յուրաքանչյուրիդ սիրում եմ։ Միայն սիրո պայմաններում կարող ենք մենք մեր պետությունը շենացնել»։