Մշակույթ

«Ես կարող էի նկարիչ դառնալ, բայց նկարիչ ծնվում են». Արման Ավետիսյան

Հարցազրույց գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանի հետ։

- Արման, այս տարի լրացավ Մինասի 95-ամյակը։ Քո հուշերում ինչպիսի՞ն է Մինասը՝ որպես հայր, որպես մարդ։ 

- Մինասը, որպես հայր, առաջինը իմ հուշերում չափազանց հոգատար է, բծախնդիր երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման  հարցերում։ Նրա համար շատ կաևոր էր երեխայի երջանիկ զգալը: Նա ամեն օր ինձ տանում էր Աբովյան փողոցում գտնվող այն ժամանակվա «Մանկական աշխարհ» հանրախանութ և գնում իմ ուզած խաղալիքը, որը ես շատ արագ կոտրում էի․ դա նրան ուրախացնում էր, որովհետև ամսագրում կարդացել էր, որ նման երեխաները ուսումնասիրում են, ինֆորմացիա են հավաքում, այսինքն, խելացի են: Նրան շատ էր դուր գալիս, երբ խաղալիքները նվիրում էի որևէ երեխայի: Նրա բարությունը չափ ու սահման չէր ճանաչում: Նա կարող էր անգամ իր հագուստը նվիրել իր ընկերոջը, եթե նա դրա կարիքը ուներ, կամ կարող էր բոլորովին անծանոթ մարդու, նույնիսկ այլազգու, բերել տուն`գիշերելու: Նրա մարդ տեսակի մասին ընկերները շատ են գրել և պատմել, կարծում եմ՝ կարիքը չկա, որ ես հիմա այդքան երկար պատմեմ:

- Իսկ դու, որպես հայր, ինչպիսի՞ն ես:

- Մինաս-ծնողի կերպարը կրելով իմ մեջ՝ միշտ էլ փորձում եմ նման լինել նրան: Ինքս ինձ հարցնում  եմ` նա ինչպես կվարվեր, և նրա ձայնը, կարծես, ինձ ուղղորդում է: Ինձ համար էլ երեխայի գոհ, երջանիկ ժպիտն ամեն ինչ արժի:

- Ո՞րն է Մինասից քո ամենավառ հիշողությունը։

- Հիշողություններ շատ կան, չեմ ուզում առանձնացնել, որովհետև դա հուշերի մի ամբողջ կծիկ է՝ կինոնկարի հին ժապավենի պես․ ծիրան, ընկույզ կամ մոշ ուտացնելը, ուսերին նստած զբոսանքները, ջաջուռյան պահերը և այլն: 

- Ո՞վ է Մինասը՝ որպես նկարիչ, ինչո՞վ է նա տարբերվում հայ մյուս նկարիչներից։

- Առաջին և շատ կարևոր գործոնը, թե ինչով է տարբերվում, նա է, որ Մինասը հայ մեծ գեղանկարիչների շարքում, թերևս, միակն է, որ ոչ մի տեղից չի եկել․ նա ծնվել է Հայաստանում, և դա հրաշալիորեն արտացոլվում էր նրա արվեստի մեջ: Մյուս շատ կարևոր գործոնը Մինասի առողջ, սարթ ձեռագիրն է: Ինչքան էլ թեման լինի լիրիկական կամ ողբերգական, դու, միևնույն է, տեսնում ես նկարչի ներքին ուժը, տոկունությունը, ոգու ամրությունը, տեսնում ես լույս ու արև: Նրա գեղանկարչությունը, կրելով ազգայինը, համամարդկային է, նեղ ազգային չէ:

- Հակառակ ժամանակի պահանջներին՝ Մինասը չմնաց սոցռեալիզմի շրջանակներում, այլ դուրս եկավ դրանից՝ առանձնանալով իր ոճով։ Ըստ քեզ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս ստացվեց։

-Ինչու, ինչպես ստացվեց․ դա նրա մարդկային տեսակն էր: Մինաս Ավետիսյանը միշտ ասում էր, որ նկարիչը, նկատի ունենալով իրեն, պատասխանատու է մարդկանց հոգևոր զարգացման համար և մերժում էր սոցռեալիզմը՝ ասելով, որ դա փակուղի է: Նա չէր ընդունում կեղծ արժեքներ, իր ձևով զինվոր էր, և նրա այդ կերպարը, կարող ենք փաստել, ոգևորող  օրինակ դարձավ շատ-շատերի համար ազգի վճռորոշ պահերին:

- Դու, չգնացիր նկարչության ուղղությամբ, փոխարենը, եղբայրդ՝ Նարեկն է դարձել նկարիչ։ Նրա կտավներում տեսնո՞ւմ ես Մինասի հետքը։

- Ես կարող էի նկարիչ դառնալ, բայց նկարիչ ծնվում են: Ինչ վերաբերում է Նարեկին, նա միանգամայն ինքնուրույն նկարչ է, որ միշտ խուսափել է կրկնօրինակելուց, ունեցել է և ունի իր ուրույն ձեռագիրը: Այլ հարց է, որ, ունենալով իր ուրույն ձեռագիրը, Նարեկը կրում է Մինասի էներգիան:

- Ըստ քեզ՝ մեզանում որքանո՞վ է արժևորված Մինասը։

- Մշակութային առումով, անշուշտ, արժևորված է: Ստեղծագործողի համար մեծագույն արժևորում է ժողովրդի սերը: Մինասին սիրում են, և այդ սերը հաղթահարել է ժամանակը: 

- Գույքագրե՞լ եք՝ Մինասից քանի աշխատանք կա այսօր պահպանված։ Շատե՞րն են դրսում գտնվում։

- Վերջերս եմ անդրադարձել այսօրինակ հարցադրմանը, կրկնում եմ, որ կտավների ամբողջական հաշվառում չէր կարող լինել, քանի որ անհայտ քանակի նկարներ Մինասը նվիրել կամ վաճառել է տարբեր մարդկանց, որոնք իրենք էլ շատ դեպքերում անհայտ են: Բացի դրանից, նկարները մասնավոր հավաքորդների կողմից վաճառվում կամ վերավաճառվում են և՛ մեր երկրում, և՛ երկրի սահմաններից դուրս: Շատ դեպքերում մարդիկ, որոնք ունեն նրա նկարներից, ուզում են մնալ ստվերում: 

- Մինասի թանգարանը Ջաջուռում է․ տպավորություն է, թե այն Շիրակի տուրիստական այցեքարտերից է։ Իսկապե՞ս այդպես է։

- Տուրիստական հոսքը դեպի Շիրակ վերջերս է թափ հավաքել, և դա զգացվում է նաև Ջաջուռում: Կարող ենք ասել, որ թանգարանը դառնում է այդպիսին: Կա կարևոր մի հարց՝ Գյումրիում բացակայում են դեպի Ջաջուռ` Մինաս Ավետիսյանի թանգարան, ուղղորդող ցուցանակներ: Հուսով եմ՝ այդ հարցն էլ իր լուծումը կստանա: Մենք անում ենք ամեն հնարավորը, որ թանգարանի այցելուների թիվը ավելանա: Այս տարի լուծեցինք մի քանի հիմնական խնդիր՝ արդիականացվեց լուսային համակարգը, նորացվեց ցուցադրությունը, կառուցվեց բոլորովին նոր երկտեղ սանհանգույց թանգարանի բակում, ինչը շատ կարևոր էր, իսկ ամենակարևորը՝ արևային էներգիայի մարտկոցների տեղադրումն էր, որով վերջապես լուծվեց թանգարանի ջեռուցման խնդիրը, հետևաբար, նկարների տեխնիկական պահպանման խնդիրը վերացավ, և, ի վերջո, կարող ենք մեր այցելուներին դիմավորել տաք և հարմարավետ պայմաններում: 

- Դա Մինասի թանգարանն է, բայց ոչ՝ տունը։ Նրա հայրական տունն այսօր ի՞նչ վիճակում է։ Որքանով մեզ հայտնի է, այն երկրաշարժից ավերվել է և չի վերականգնվել։ Այն վերականգնելու ի՞նչ ծրագրեր կան։

- Ճիշտ է, դա Մինաս Ավետիսյանի թանգարանն է, ոչ՝ տուն-թանգարանը: Եվ լավ է, որ թանգարան է և կա, որպես այդպիսին: Ինչ վերաբերում է հայրական տանը, քայլեր ձեռնարկվել են այն վերականգնելու համար, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է:

Արման Գալոյան