Մշակույթ

Այսօր Մինաս Ավետիսյանի 94-ամյակն է

Այսօր 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Մինաս Ավետիսյանի 94-ամյակն է։

Ծնվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում՝ 1928թ.: Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր: Պատերազմի տարիներին պատանի Մինասը գյուղում պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է եղել նրա համար։

Գեղագիտական կրթությունը նկարիչն ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952)։ Մեկ տարի Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորելուց հետո՝ 1953-ին, տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ 960-ին ավարտել է ուսումն ու վերադարձել Երևան։ 

Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, բայց միանգամից ուշադրություն է գրավել իր անսովոր մտածողությամբ։

1960-ին, երբ Մինասն արդեն 32 տարեկան էր, տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը: 

Կարծիքները հակասական են եղել. որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը:

Արդեն 1962-ին մասնակցել է «Հինգի ցուցահանդեսին» (Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։ 

Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ:

1964-ին Մինասն ամուսնացել է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։ 1966 թ. ծնվել է առաջնեկը՝ Արմանը. նա այժմ Ջաջուռում Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենն է։ 1969 թ. ծնվել է կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը, որ նույնպես հայտնի նկարիչ է։

1972-ի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև՝ Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները (մոտ 300 աշխատանք, որից 120-ը՝ գեղանկարներ), անձնական արխիվը (նամակներ և այլն)։

1975-ի փետրվարի 16-ին նկարիչը Երևանում ենթարկվել է ավտովթարի, և փետրվարի 23-ին կնքել իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են ամբողջությամբ չպարզված:

«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է... Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասել է Մինասը։

«Կարևոր չէ որտեղ ես աշխարհ եկել՝ Լոնդոնում թե խուլ գյուղում: Կարևորը, որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհները, բայց այն, ինչ տեսել ես մանուկ հասակում՝ կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ, երբ գյուղ եմ գնում, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Երբ փոքր էի, ցանկապատերը ինձ թվում էին բարձր -բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ»: