Մշակույթ

Ի՞նչ է Նովրուզը, և ինչպե՞ս են այն նշում

Մեր հարևան Իրանում այս օրերին նշվում է Նովրուզը, և շատ իրանցիներ հաճախ են այցելում Հայաստան՝ իրենց հանգիստն այստեղ անցկացնելու համար: Հետաքրքիր է ծանոթանալ այս տոնի նշանակությանն ու հասկանալ՝ ինչպես են այն նշում: Նովրուզը թարգմանվում է որպես «նոր օր»: Այն զրադաշտական ծագում ունի և ավելի քան 3 հզ․ տարվա պատմություն: Նովրուզը նշվում է գարնանային գիշերահավասարին, որը կարող է լինել ցանկացած օր՝ մարտի 19-21-ն ընկած միջակայքում:

Այս տարի 1401 թվականն է, որը նշվեց մարտի 21-ին: 

Սակայն միայն գիշերահավասարին չէ, որ նշվում է տոնը: Տոնակատարությունները սկսվում են գիշերահավասարին նախորդող երեքշաբթի օրը (Չահարշանբե սուրի) և տևում, նոր տարվա օրվանից սկսած, 13 օր (Սիզդահ բեդար): 

Տոնական սեղանը՝ հաֆթ սինը, այս տոնի իսկական զարդն է, որի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները: Ավանդաբար, յուրաքանչյուր հաֆթ սին ունի առնվազն 7 բաղադրիչ, որոնք բոլորն էլ պարսկերենում սկսվում են «ս» տառով: Այդ բաղադրիչներն են՝ խնձորը (սիբ), քացախը (սերկեհ), փշատի չիրը (սենջեդ), սումակը (սումակ), սխտորը (սիր), քաղցր հացահատիկային պուդինգը (սամանու) և ցորենի ծիլերը (սաբզեհ):

Այս ամենը միասին գեղադիտակի նմանվող, էկլեկտիկ զոհասեղանի տպավորություն են ստեղծում, որտեղ յուրաքանչյուր առարկա օժտված է ողջ տարվա համար խորհրդանշական իմաստով՝ սխտորը գալիք տարում քաջառողջության է խորհրդանշում, պտղի չիրը՝ սեր, քացախն էլ՝ համբերություն: Շատերը ավելացնում են նաև այնպիսի մետաղադրամներ՝ հարստությունն իրենց մոտ բերելու համար, ինչպես նաև՝ ձեռքով նկարված ձվեր, բանաստեղծական գրքեր, հայելիներ, մոմեր և «ոսկե ձկնիկ»:

Նովրուզին նախորդող չորեքշաբթի օրը ընտանիքները հավաքվում են միասին՝ կրակի վրայով թռչելու համար: Այստեղ նույնպես արտացոլվում է տոնի խորհրդաբանական իմաստը՝ մարդը թռչում է կրակի վրայով՝ անցնող տարին թողնելով ետևում: 

Թռչելու ժամանակ մարդիկ երբեմն ասում են «սորխի-յե տո ազ ման, զարդի-յե ման ազ տո», ինչը նշանակում է «թող քո կարմրությունը ինձ մնա, իմ գունատությունը՝ քեզ»:  

 

Նովրուզը նաև բարեկամներին հյուր գնալու ժամանակ է, երբ հարազատները նվերներ են փոխանակում և թեյախմություն կազմակերպում: Իրանցիների համար գարունը նաև մաքրություն անելու ժամանակ է: Նրանք սովորաբար լվանում են իրենց գորգերը և ձմռան փոշուց մաքրում ողջ տունը: 

Եվ վերջում, երբ թվում է, թե Նովրուզի ոգին արդեն անցել է, սկսում է Սիզդահ բեկարը՝ նոր տարուց 13 օր հետո (այս տարի՝ ապրիլի 2-ին): Սա այն ժամանակն է, երբ մարդիկ վերցնում են իրենց աճեցրած սաբզեն՝ իր ջրով, և նետում (ներկայումս դրանք հիմնականում այգիներն են նետում): 

Սա նաև պիկնիկների և բնության հետ շփվելու լավագույն ժամանակ է: