Մշակույթ

«Բնություն» ֆիլմի պրեմիերան՝ Փելեշյանի 84֊ամյակին

Փարիզի ժամանակակից արվեստի Կարտիե կենտրոնում լեգենդար կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին տեղի կունենա «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան։ Ֆիլմի պաստառներն արդեն զարդարում են Փարիզի մետրոյի կայարանները։

Ֆիլմի պրեմիերան կկայանա պատմական Սեն Ժերմեն դե Պրե փողոցի սրտում գտնվող Christine կինոթատրոնում:

Նշենք, որ այս կինոթատրոնը դասվում է Ֆրանսիայի պատմական հուշարձանների շարքին, այդտեղ են կայացել լեգենդար մի շարք կինոռեժիսորների ֆիլմերի ցուցադրությունները։ Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիայի Foundation Cartier հիմնադրամի և Գերմանիայի ZKM ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ։

Մինչ այդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր Նյու Յորքի և Ամստերդամի IDFA կինոփառատոններում։ Ռեժիսոր Փելեշյանը ֆիլմի հոնորարը՝ 150 հազար դոլար, ի աջակցություն Արցախի, փոխանցել էր Հայաստան Համահայկական հիմնադրամին։