Քաղաքական

ՀՀ տարածքից դուրս կարող է ԸՕ խախտմամբ նախընտրական քարոզչություն իրականացվել

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվեց ԿԸՀ տարեկան հաղորդումը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, խոսելով Ընտրական օրենսգրքի մասին, հայտարարեց, թե որոշ դրույթների բարելավման, նոր կանոնակարգումներ ներառելու կարիք է տեսնում. «Այս ընթացքում կիրառվեցին Ընտրական օրենսգրքի առանձին դրույթներ, դրույթների մի մասը նույնիսկ չէ էլ կիրառվել, բայց ուժի մեջ է մտնել 2022-ի հունվարի 1-ից: Պրակտիկայում կիրառման ընթացքում գույքագրվել են բոլոր խնդիրները, որոնք առաջացել են, բոլոր հարցադրումները, որոնք այս կամ այն իրավանորմերի պարագայում առկա են: Մասնավորապես, օրենսգիրքը սահմանում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկության մասնակցող ընտրողների ցուցակները հրապարակվում են ԿԸՀ-ի կայք-էջում, որևէ այլ կանոնակարգում առկա չէ, թե դրանք որքան ժամանակ պետք է տեղադրված մնան ԿԸՀ կայքում, հետագայում հարցման պարագայում՝ ո՞ւմ կարող են դրանք տրամադրվել»:

ԿԸՀ նախագահի խոսքով՝ մինչև այսօր էլ լինում են դեպքեր, երբ դիմում են խնդրանքով՝ տրամադրելու, օրինակ, մասնակցության վերաբերյալ 2017-ի անվանական ցուցակները: Մուկուչյանը, նկատի ունենալով, որ այդ ցուցակները պարունակում են որոշակի անհատական տվյալներ, որոշակի կանոնակարգումների արձանագրումն անխուսափելի համարեց:

Նա որոշակի նկատառումներ հայտնեց նաև նախընտրական քարոզչության հետ կապված կանոնակարգումներում. «Նոր կանոնակարգումներով ներառել ենք նաև ինտերնետ տիրույթը, որի պարագայում առկա գործիքակազմով պայմանավորված՝ ամբողջի մոնիթորինգ անելը, առավել ևս՝ պատասխանատվության միջոցներ կիրառելը, հաճախ անհնար է»։

Ըստ Մուկուչյանի, հաճախ Հայաստանի տարածքից դուրս կարող են իրականացվել Ընտրական օրենսդրության պահանջների խախտումներ: