Քաղաքական

Կուսակցությունների հաշվետվությունների վերջնաժամկետ է սահմանվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օրերս հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ կուսակցություններն այս տարվանից տարեկան հաշվետվությունները ԿԸՀ-ի փոխարեն պետք է իրենց ներկայացնեն։

Հանձնաժողովը նաև տեղեկացրել էր, որ հաշվետվությունները ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվելու է երեք ամսով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Radar Armenia-ն տեղեկացավ, որ կուսակցությունների հայտարարագրի վերջնաժամկետ է նշանակված մայիսի 31-ը։

Ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ եթե կուսակցությունները չներկայացնեն իրենց ստացած և ծախսած միջոցների մասին հայտարարագիր, կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով՝ 40-50 հազար դրամով։ Նույն խախտումը կրկնելու դեպքում կուսակցությունները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով՝ 400-500 հազար դրամով։ Նշենք, որ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ միայն խորհրդարանական, այլև՝ արտախորհրդարանական ուժերը։