Քաղաքական

«Բաքվի կետերը ընդունելի չեն հայկական կողմի համար». Շահան Գանտահարյան

«Մինչև գերիները, պահվող անձինք, աճյունները չվերադարձվեն, հայաստանյան տարածքից ադրբեջանական զորքի հետքաշում չլինի, խաղաղության գործընթացն սկսելը կբերի նոր կորուստների». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

- Պրն. Գանտահարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի առաջարկած հինգ կետանոց դրույթները՝ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների սկսման համար։

- Ադրբեջանի առաջարկած 5 կետերից 4-ը վերաբերում են ուղիղ Արցախին։ Ներառվել են տարածքային ամբողջականության ճանաչման, տարածքային պահանջներ չներկայացնելու իրավական հանձնառության հիմնադրույթներ: Սահմանազատում-սահմանագծումը այդ երկու առաջադրանքներն առաջնորդող  իրավական ճանապարհն է, որը նաև միջազգայնորեն կամրագրի ընդհանուր սահմանները: Չորրորդ կետը, ըստ էության, նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբանաձևումն է: Այստեղ Բաքուն պարզապես չի օգտագործել «զանգեզուրյան միջանցք» ձևակերպումը: 

- Հինգ կետանոց դրույթները ինչքանո՞վ են ընդունելի, կարելի՞ է Բաքվից լավատեսական մոտեցում սպասել։

- Պարզ է, որ Բաքվի կետերը ընդունելի չեն հայկական կողմի համար։ Ըստ էության, Երևանի պատասխանը ճանապարհային այլ քարտեզ է գծում։ Հայկական կողմն ասում է՝ հենվել 2020թ. նոյեմբեր 9-ի, 2021թ. հունվար 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված համաձայնությունների վրա և աշխատել իրականացնել դրանք՝ պահպանելով պայմանավորվածությունների հետևողականությունը, իրականացնել զորքերի հայելային հետքաշումը, մեկնարկել միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրմամբ սահմանազատման գործընթացը, դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։ Բաքուն շրջանցում է այս բոլորը։ Կարծում եմ՝ մինչև ռազմագերիների, պահվող անձանց և աճյունների վերադարձ չլինի, մինչև 44-օրյա պատերազմից տուժածներն ու փախստականները չվերադառնան, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ և 8-րդ կետերով է պայմանավորված, ավելին, մինչև ադրբեջանական զորքի ետքաշում չլինի հայաստանյան տարածքից, խաղաղության գործընթաց սկսելը կբերի նոր կորուստների։ 

- Հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավո՞ր է կարգավորել, և ո՞ր դեպքում։

- Նախ՝ ձևակերպումը վերադարձնել Արցախ-Ադրբեջան հակամարտության։ «Հայ-ադրբեջանական կոնֆլիկտ» ձևակերպումը Բաքվի և Անկարայի առաջադրած և օգտագործած եզրաբանությունն էր։ Որքան էլ այսօրվա իրադարձությունները չեզոքացրել են Արցախ-Ադրբեջան կոնֆլիկտի հանգուցալուծման՝ նախապես լիազորված միջազգային ձևաչափը, այդուհանդերձ, կարծում եմ, հայկական կողմի շահերից է բխում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը մշտապես հղում անելը։ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթներից՝ ազգերի ինքնորոշման իրավունքը բանակցային գործընթացի վերագործարկման համար կարևորագույն սկզբունք է, իսկ հնարավորությունը կախյալ է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունից։ Ներկա ժամանակներում այդ փոփոխությունները շատ հանկարծակի են և կտրուկ։ 

- ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին. որքանո՞վ է սա արդյունավետ։

- Արդյունավետ կլինի, երբ միջազգային ընտանիքը որոշի վերստին ակտիվանալ՝ բանակցային գործընթացում դերակատար լինելով։ ԵԱՀԿ հովանու ներքո բանակցային գործընթացի վերագործարկումը միակ ճանապարհն է՝ Անկարայի գերակայությունը հակակշռելու։ Ուկրաինայի պատերազմի բռնկումից հետո Անկարայի ախորժակը սրվել է՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների կարգավորման գերմիջնորդ ներկայանալու։ Երբ միջազգային ընտանիքի բաղկացուցիչ տարրերի և տարածաշրջանի գլխավոր խաղացողների շահերը հակադրվեն Անկարայի հետ, հայկական կողմի դիմումին էլ չեն սպասի՝ հիշելու համար, որ իրենք լիազորված են հարցի կարգավորմանը։ Ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը կարևորագույն իրավադրույթ է, որը պետք չէ շրջանցել։ 

- Ադրբեջանը առաջարկում է հրաժարվել միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից, իրականացնել սահմանազատում և հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պահանջը։

- Դա պարզապես «Արցախի հարցը անցյալ է» հայտարարության իրավականացմանը միտվող քայլ է։ Կամ՝ Շուշիի հռչակագրով ասվածին երկկողմ պայմանագրային տեսք տալուն համազոր նախաբան։ 

- Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ այդ առաջարկները վերջնագիր են Հայաստանի համար։ Այդպե՞ս է։

- Անկարան և Բաքուն անընդհատ խոսում են իրենց կողմից Հայաստանին ուղղված խաղաղության առիթը չկորցնելու մասին։ Ուզում են ցույց տալ աշխարհին, որ խաղաղասիրական նախաձեռնություն անող կողմը Անկարան և Բաքուն են։ Ավանդական խաղի կանոն է դիմացինին իբրև խաղաղություն մերժող կողմ ներկայացնելը, և չի բացառվում, որ դա լինի նոր ոտնձգությունների արդարացման հիմնավորում։ Շատ բան կախված է Ուկրաինայի պատերազմի արդյունքներից և Մոսկվա-Անկարա հարաբերությունների ելևէջներից։ 

Անուշ Մկրտչյան