Վաղը կլրանա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը, և այդ պաշտոնում նրան կփոխարինի Քրիստինե Գրիգորյանը։
Մինչ այդ՝ Թաթոյանն այսօր ամփոփիչ ասուլիս էր կազմակերպել՝ ներկայացնելու գործունեության արդյունքները։ Թաթոյանն իր պաշտոնավարման վեց տարիները որակեց ճգնաժամային ու բարդ։ Ըստ նրա՝ աշխատանքային առաջին իսկ օրից դժվար ժամանակ է եղել՝ ապրիլյան քառօրյա պատերազմ, ոստիկանության ՊՊԾ գնդի գրավում, 2018թ. հեղափոխություն, 2020թ. տավուշյան մարտեր, կորոնավիրուսի համավարակ, 44-օրյա պատերազմ և դրան հաջորդած սահմանային միջադեպեր։
Ըստ Թաթոյանի՝ «Այս ողջ ընթացքում այնպիսի զգացողություն է, որ մենք, կարծես, դեռ գտնվում ենք պատերազմի մեջ»:
Թաթոյանը նշեց, որ անհրաժեշտություն է հանրային համերաշխության վերականգնումը։ Ըստ նրա՝ ներդրված դատապարտելի դիսկուրսների պատճառով այսօր խաթարված է հանրային համերաշխությունը. «Դատապարտելի են սոցցանցերում կեղծ էջերի կազմակերպած արշավներն ու հարձակումները: Դա սկզբունքորեն ազդեցություն է թողել անհանդուրժողականության մթնոլորտի աճի վրա։ Շատ վտանգավոր է հայհոյանքի դիսկուրսը, որը դեռ կա հանրային տիրույթում»:
Ըստ նրա՝ ցանկացած հարց պետք է հիմնված լինի մարդու նկատմամբ հարգանքի վրա:
Ինչ վերաբերում է իր հետագա գործունեությանը՝ Թաթոյանը տեղեկացրել է. պետական համակարգում իրեն չի տեսնում. «Ես այս տարիների ընթացքում տարբեր աշխատանքներով եմ զբաղվել: Իմ գործունեությունը սկսել եմ ՄԻՊ-ի ինստիտուտից: Աշխատել եմ առաջին երկու մարդու իրավունքների պաշտպանի օրոք, եղել եմ միջազգային կառույցներում, ՀՀ արդարադատության նախարարությունում և այլն: Այս պահին ես ինձ չեմ տեսնում պետական համակարգում: Տեսնում եմ այլ գործունեություն իրականացնելիս: Ես պատրաստվում են իրականացնել հանրային, այդ թվում իրավապաշտպան գործունեություն»։