Երևան

«Ամենայն հարգանքով, բայց Ձեր անկեղծությանը ես չեմ հավատում». Ավինյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն իր ելույթում անդրադարձել է մայրաքաղաքի ծառերի փոխարինման աշխատանքներին։ Նա հիմնավորումներ է ներկայացրել տեղի ունեցածի վնասակարության վերաբերյալ՝ նշելով, որ լսումների ընթացքում գիտնականներն ու փորձագետները ներկայացրել են կենսաբազմազանության և քաղաքաշինության տեսանկյունից ծրագրի վտանգները հանրային առողջության և շրջակա միջավայրի վրա։ 

Արձագանքելով այս ելույթին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե չլիներ Վարդանյանի՝ 4 տարի առաջվա ելույթը, որ այս ելույթի ուղիղ ընդդիմախոսությունն է, ինքը կհավատար անկեղծությանը. «4 տարի առաջ Դուք շատ հստակ, աներկբա, շատ կոնկրետ ասել եք, որ Երևան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն»։ Ըստ Ավինյանի՝ ապշեցուցիչ է, թե ինչպես է հնարավոր ասվածը 180 աստիճանով փոխելը. «Ամենայն հարգանքով, տիկին Վարդանյան, բայց Ձեր անկեղծությանը ես չեմ հավատում»։

Ավինյանը նաև նշել է. «Այն քննարկումը, որ ունեցել ենք, ու որից հետո ձեր խմբակցությունը որոշել է տարատեսակ բոյկոտներ հայտարարել, այսուհետ համարեք, որ ես խուլ եմ ձեր բարձրացրած հարցերի համար, որովհետև վստահության բացակայությունը, ձեր դիրքորոշման՝ 180 աստիճան փոփոխությունը, ձեր խմբակցության՝ տարբեր հարցերի շուրջ անվերջանալի, անդադար մանիպուլյացիաները, բարձրաձայնվող ստերը բերել են մի իրավիճակի, որ ունակ չենք ձեր բարձրաձայնած հարցերը լսել»։