Երևան

«Ձեր չափ ու սահմաններն անցել եք․ պետք է պարբերաբար, անընդհատ հիշեցնել ձեր տեղն ու դերը». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ ավագանու նիստում վիճաբանություն եղավ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ Անի Խաչատրյանը միջամտեց, ինչին ի պատասխան Սուքիասյանն ասաց. «Մի հատ այս աղբը մաքրեք այստեղից, հերիք եղավ իսկականից․ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»։ 

Տիգրան Ավինյանը լռելու կոչ արեց, ապա հիշեցրեց, որ նախկին իշխանություններին ժողովուրդը աշխատասենյակներից հանել, դուրս է շպրտել. «Ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի։ Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում․ Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ։ Ձեր խմբակցության այլ հարցերի պատասխանելու կարիք չունենք»։

Նա կոչ արեց սովորել կոռեկտության սահմանները. «Լեզվին որ զոռ չտաք, միգուցե դահլիճից Ձեր խոսելու ժամանակ էդքան ելույթներ չհնչեն»։

«Իրոք, ձեր չափն ու սահմաններն անցել եք բոլորդ, և իրոք պետք է պարբերաբար, անընդհատ հիշեցնել ձեր տեղն ու դերը։ Հիշեք ձեր տեղն ու դերը, որտեղից եք սերել, ուր եք եկել, ոնց եք այստեղ հասել, ում հետ եք փոխկապակցված եղել, ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է արել այս երկրում տասնամյակներով, ինչ է արել իշխանություն ունենալու ժամանակ։ Ասում եմ՝ ականջներդ եք տեսնելու, իշխանություն չեք տեսնելու այս երկրում։ Հակաժողովրդավարական ուժերը այս երկրում այլևս իշխանություն չեն լինելու»,- շարունակեց Ավինյանը՝ դիմելով Մանուկ Սուքիասյանին։

Նա նաև զգուշացրեց. «Առանց լիրիկական զեղումների․ հարց ունեք՝ հարցը կտաք։ Արցախ, չգիտեմ, իշխանություն, շներ հեսա կասեմ շներն ու մնացած ծաղրածուները ում կուղարկենք»։

Ավինյանը նաև նշեց, որ ավագանու իրենց խմբակցության անդամներին ընդհատել է, երբ փորձել են թեմայից դուրս ելույթ ունենալ։

Այնուհետ նա նկատողություն հայտարարեց Անի Խաչատրյանին. «Նկատողությունը պարոն Սուքիասյանից պետք է սկսեի։ Ինչքան նկատողություն տամ, անվերջանալի նկատողություններ տամ։ Դահլիճից հանե՞մ, ի՞նչ անեմ ձեզ հետ․ ասեք՝ անեմ, ժողովուրդ ջան։ Տիկին Խաչատրյան, ինձ մեղադրում են, որ անաչառ չեմ Ձեր նկատմամբ․ Դուք ևս մեկ անգամ ստանում եք նկատողություն»,- ասաց նա։