Երևան

«Այն ծառերը, որոնք փոխարինվում են, իսկապես կորցրել են ֆունկցիոնալությունը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը զեկուցեց, որ իրականացվել են գիշերային լուսավորության լապտերները փակող փոքրիկ ճյուղերի հեռացման աշխատանքներ՝ հավելելով, որ այս առնչությամբ կապի մեջ են վարչական շրջանների աշխատակազմերի և մյուս գործընկերների հետ։

Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ անցած շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ժամանակավորապես կդադարեցվեն ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ գիտական շրջանակներից կներկայացնեն հիմնավորումներով որևէ փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթ․ «Մենք որևէ նորություն ունե՞նք՝ դրա հետ կապված»,- հարցրեց Տիգրան Ավինյանը։

«Դեռևս որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևէ հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել։ Ազգային ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որտեղ հիմնական միտքը Երևանից թեղիների հեռացման անհրաժեշտությունն էր: Թեղիների փոխարինումը կտևի 10-20 տարի՝ հաշվի առնելով դրանց մեծ քանակությունը»,- ասաց Բեգոյանը։

Քաղաքապետը հանձնարարեց գիտնականների որոշումը նորից հրապարակել, և եթե կլինեն հակափաստարկներ, գիտական դեբատ, ապա ևս մեկ շրջափուլ հարցը քննարկվի․ միգուցե լինեն բաց թողնված հատվածներ. «Որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը: Եթե մյուս կողմը գիտական մոտեցում չունի, ուրեմն էմոցիոնալ և սիրողական մակարդակի խոսակցություններ են: Այն ծառերը, որոնք փոխարինվում են, իսկապես կորցրել են ֆունկցիոնալությունը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում