Երևան

Նախազգուշական հանդիպումների ֆորմատից անցնենք պայմանագրերը խզելու ֆորմատին. քաղաքապետ

Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգու բարեկարգման աշխատանքներն ավարտված են, իսկ հուշարձանի ու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները կատարված են 90–%–ով. այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը տեղեկացրել է, որ այգու հատվածում եղել են թերություններ՝ շատրվանի լողավազանի ներկի հետ կապված։ Ըստ նրա, եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված աշխատանքները չեն շարունակվել, սակայն նախատեսված է այսօր դրանք ավարտին հասցնել։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, թե այսօր էլ եղանակային պայմաններն անբարենպաստ են. «Ի սկզբանե կարծում եմ՝ սկսած ներկի որակից մեր տեխնիկական առաջադրանքներում միգուցե պետք է հավելյալ պահանջներ դնենք։ Այսինքն, բոլոր տեղերում, որտեղ հավելյալ ստանդարտ կարող ենք դնել, որ անընդհատ չվերադառնանք նույն տեսակի աշխատանքներին, հավելյալ ստանդարտները պետք է դնենք։ Որովհետև այս պրոցեսն անվերջ կարող է տևել, եթե մենք մեր պահանջները չխստացնենք։ Եւ երբ պահանջները խստացնում ենք, ինքնաբերաբար, ենթադրվում է՝ աշխատանքի կոնկրետ որակ ենք պահանջում»։ Ըստ քաղաքապետի, պետք է այդ նոր քաղաքականությունը վերաբերի բոլոր ոլորտներին. «Նախազգուշական հանդիպումների ֆորմատից անցնենք պայմանագրերը խզելու ֆորմատին, որ անվերջանալի բանակցություններն էլ չլինեն։ Տևական ժամանակ է՝ մեր մեր հստակ պահանջները դնում ենք, և կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ անցնենք այն մեթոդին, որ պայմանագրով նախատեսված է»։