Երևան

2023թ. Երևանի բյուջեի կատարողականը կազմել է 90 %

Մարտի 12-ին գումարված նիստում Երևանի ավագանին քննարկել ու հաստատել 2023թ. զարգացման ծրագրի և բյուջեի հաշվետվությունները: Երևան քաղաքի 2023 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 44,355,960.2 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 50,091,031.3 հազար դրամ կամ 113 %։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավել է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից 14,694,591.9 հազար դրամով։

2023թ. մայրաքաղաքում շահագործման են հանձնվել ներկրված 87 «ՄԱՆ» և 150 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներ, ձեռք են բերվել 15 «ՅՈՒԹՈՆԳ» մակնիշի նոր տրոլեյբուսներ, գնվել է նաև 4 նոր աղբատար մեքենա, գործընթացը կշարունակվի նաև այս տարի:

Միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի շրջանակում հասարակական տրանսպորտի շարժակազմերը և Մետրոպոլիտենի անցարգելները համալրվել են վալիդատորներով, գործարկվել է էլեկտրոնային և թղթային տեսքով QR կոդ կրիչը:

2023թ. նորերով են փոխարինվել 510 վերելակներ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 22 կրթական, նախադպրոցական, արտադպրոցական, մարզական և մշակութային հաստատությունների շենքերում և բակային տարածքներում: Վերանորոգվել են ավելի քան 200 բակեր, 3 առողջապահական հիմնարկներ:

Տեղադրվել են 9 գետնանցումների մոտ հաշմանդամներին հարմարեցված վերելակներ: Ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև ոռոգման համակարգի անցկացման, կանաչ գոտիների ընդլայնման, կոյուղատար համակարգի կառուցման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ուղղություններով: