Երևան

Վերամշակվող թափոնների համար նախատեսված 930 աղբամանները Երևանում են. Բեգոյան

2023-ի տարեվերջին վերամշակվող թափոնների համար նախատեսված եվրոպական արտադրության 930 աղբամաններն այլևս Երևանում են. այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նրա խոսքով՝ ստացել են նաև «Վոլվո» մակնիշի 2 ավտոմեքենա, որով իրականացվելու է ապակյա շշերի թափոնամանների դատարկումն ու տեղափոխումը։ Թափոնամանների և ապակյա շշերի գողության դեպքերը բացառելու համար այժմ տեղադրվելու են այնպիսի թափոնամաններ, որտեղից շիշը կարողանալու են գցել և առանց այդ «Վոլվո» ավտոմեքենաների՝ ապակյա շիշը հնարավոր չի լինելու հետ հանել։

Դրանց տեղադրման աշխատանքները կիրականացվի փուլ առ փուլ. այժմ ինքնակպչուն պիտակների ամրացման աշխատանքներն են ընթանում, որը շուտով կավարտվի։