Երևան

Երևանի բյուջեի սեփական եկամուտները կազմել են 8 մլրդ 44 մլն դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի բյուջեի սեփական եկամուտները փետրվարի 29-ի դրությամբ կազմել են 8 մլրդ 44 մլն դրամ. փետրվարի համար նախանշված ցուցանիշը թերակատարվել է 926.8 մլն դրամով. տեղեկացրել է քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը։

Նա մանրամասնել է, որ թերակատարման հիմնական պատճառ է կազմել տեղական տուրքերի ու վճարների գծով մուտքերի պակաս հավաքագրումը, քանի որ ավագանու որոշմամբ արտոնությունների 2 փաթեթ է տրամադրվել. «Բավական լուրջ արտոնություններ են տրամադրվել շինարարության ոլորտից եկող տեղական վճարների ու տուրքերի գծով՝ ընդհանուր մոտ 3 մլրդ դրամի չափով»,- ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքելով նշեց. «Ծախսային հոդվածներով ունենք էական փոփոխություններ և ավելացումներ, մասնավորապես, մանկապարտեզներում մոտավորապես 30 տոկոսով աշխատավարձերն են վերանայվելու, նաև ունենք տարատեսակ նոր ծրագրեր շինբարեկարգման վարչության կողմից, տրանսպորտի կողմից, և այդ ծրագրերը պետք է իրականացնենք։ Հետևապես, հավաքագրումը շատ կարևոր է»։