Երևան

Երևանում մեկնարկել են 29 շատրվանի, 8 ջրավազան և ջրամբարի նորոգման և վերականգման աշխատանքները

2023թ. ընթացքում երևանյան ջրային կառույցների՝ շատրվանների ու ջրավազանների անխափան գործունեությունն ապահովելու համար մեկնարկել են տարեշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները: 

Այս օրերին Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ մասնագետները քաղաքի տարբեր հատվածներում ստուգում են 
- շատրվանների ու նմանատիպ կառույցների էլեկտրասնուցումը, 
- փորձարկում ջրասնուցման և ջրահեռացման համակարգերը, ջրամղիչ հանգույցները, 
- նորոգում կամ փոխարինում  խողովակաշարեր, սողնակներ, փականներ: 

Բացի այդ, փոխարինվելու են պոկված սալիկներն ու նորոգվելու են եզրաքարերը, հղկվելու և թարմացվելու են ջրավազանների պատերն ու հատակները: Տարվա ընթացքում արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ: 

2022թ. մեկնարկած՝ Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի, «Երևանի 2750-ամյակի», մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքի, Նոր Նորքի գեղարվեստական շատրվանների, «Շողակաթ» հ/ը հարակից և Գ․ Նժդեհի հրապարակի շատրվանների պոմպակայանների  վերանորոգումն ավարտվել է, պոմպերը, էլսարքավորումները և սողնակներն ամբողջովին փոխարինվել են նորերով, փորձարկման  աշխատանքները ավարտվել  են։

Տարեշրջանի մեկնարկը տրվելու է  մայիսի 1-ին և ավարտվելու է հոկտեմբերի 31-ին։ «Ջրային Կառույցների» ՓԲ ընկերության կողմից  շահագործվելու է 39 ջրային կառույց (29 շատրվան, 8 ջրավազան և ջրամբար)։ 

Որպես պարտադիր բաղադրիչ՝ շաբաթական մեկ անգամ բոլոր շատրվաններն ու ջրավազանները կդատարկվեն, կմաքրվեն, կլվացվեն  և նորից կջրալցվեն։
Պարտադիր բնույթ է կրելու նաև քլորացումը: 
Մայրաքաղաքի ջրային կառույցները գործելու են 8-10-ժամյա ժամանակացույցով: Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը՝ ժ. 8։30-ից՝  23։00-ն։