Երևան

Հրաչյա Սարգսյանը հայտնել է իր հրաժարականի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօրվա գործակարգավարական նիստին Սարգսյանը նշեց, որ ինքը ստանձնել է մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը՝ Երևանի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում․ «2018թ․ «Իմ քայլը» դաշինիքի նախընտրական ծրագրում ունեինք հրապարակված նպատակներ, որոնք պետք է իրագործեինք, և ես պատասխանատվություն ստանձնեցի, որպեսզի շարունակենք այդ ծրագրի իրականացման աշխատանքները, որպեսզի չկանգնի։ Իհարկե, այդ ծրագրերը շարունակելու համար երկու անհրաժեշտ կոմպոնենտ կար, որ ապահովված չէր։ Առաջինը՝ կառավարության և Երևան քաղաքի միջև համագործակցությունն էր, որ որպես այդպիսն խզվել էր։ Եւ երկրորդը՝ 2018թ․ «Իմ քայլը» դաշինիքի ծրագրերն են, որ պետք է շարունակվեին։ Հիմա, երբ ավագանու ընտրությունները բավական մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև համագործակցությունը բավական լավ է, ոչ մի խոչընդոտ չունենք, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միաժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ»։

Հրաչյա Սարգսյանը հիշեցրեց, որ առաջիկա ընտրություններում ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է․ «Հույս ունեմ, որ ՔՊ–ն կստանա երևանցու վստահության քվեն, և հնարավորություն կունենանք շարունակել մեր համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը, որ համատեղ սկսել ենք դեռ 2018թ»։