Երևան

Հրազդանի կիրճում լայնամասշտաբ աշխատանքներ են կատարվելու. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում կանաչապատման և բնապահպանության ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Ըստ նրա՝ վերջին եռամսյակում իրականացվել է 11 հզ․ ծառի էտում. «Սա անհրաժեշտ և պարբերական գործընթաց է, որն ապահովում է ինչպես ծառների առողջությունը, այնպես էլ հետիոտների և վարորդների անվտանգությունը:

Ավելի քան 10 հա մակերեսում կատարվել են անտառտնկման աշխատանքներ Ծիծեռնակաբերդի և Սարալանջի հատվածներում: Ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 5 հզ․ ծառ։ 

Նոր և առկա ծառների և տնկիների անխափան սնուցումն ապահովելու նպատակով 2023 թվականին նախատեսված է իրականացնել ոռոգման համակարգի 25 հզ․ գծամետր վերանորոգման, արդիականացման և կառուցման աշխատանք»:

Ավինյանը նշել է, որ հաջորդ տարի լայնամասշտաբ աշխատանքներ են կատարվելու Հրազդանի կիրճում. «Այստեղ ջրային և հարակից կանաչ տարածքներում կուտակված է 9 հզ. մ³ աղբ: Այն ամբողջությամբ կմաքրվի, և կտեղադրվեն նոր աղբահավաք պատնեշներ:

Հրազդան գետը և կիրճը Երևանի բնական խորհրդանիշերից մեկն է և քաղաքացիների հանգստի սիրելի վայրերից մեկը: Նշված աշխատանքներին զուգահեռ մենք նախատեսում ենք այս գոտուն բնության պահպանվող տարածքի կարգավիճակ տալ: Հրազդանի գեղատեսիլ կիրճը պետք է վերադարձնի ասոցացումը հանգստավայրի, այլ ոչ՝ ռեստորանների հետ»: