Երևան

«Նախատեսվում է հիմնովին փոխել տրանսպորտային համակարգը». Նուարդ Վարդանյան

Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն ամփոփել է անցած 2022 թվականը։

-Ըստ Ձեզ՝ Երևանի համար ինչպիսի՞ տարի էր 2022 թվականը։

-Գլոբալ՝ տարին գնահատում եմ դրական, որովհետև շատ ծրագրերի սկիզբ դրվեց։ Օրինակ կարող եմ բերել մետրոյի նոր կայարանի կառուցումը, որի մրցույթի նախագծի համար արդեն 700 միլիոն դրամ է ծախսվել։ Սա նշանակում է, որ 2023 թվականին արդեն կառուցապատման մրցույթ կհայտարարենք։ Փաստացի ինչ-որ քայլեր արվել են, որը դրական եմ գնահատում։ Ցավոք, երկարաժամկետ ծրագրերը քաղաքացու աչքը չեն զարնում։ Սրանք այն փոփոխություններն են, որոնք մի քանի տարուց տեսանելի կլինեն։ 

-Հանրությանը շատ է անհանգստացնում տրանսպորտի բարեփոխումները։ Այս մասով ի՞նչ է արվել, և ի՞նչ սպասել 2023-ին։

-2018 թվականից հետո, երբ մեր քաղաքական թիմը եկավ իշխանության, կառավարության կողմից առաջարկություն էր եղել պարոն Մարությանին, որ ծրագիրը երկարաժամկետ անենք և հիմնովին փոխենք տրանսպորտային համակարգը։ Բայց այն ժամանակ նա նախընտրեց ավելի արագ ճանապարհով գնալ և մասամբ փորձել լուծել հարցը։ Իմ կարծիքով՝ դա չստացվեց, որովհետև խնդիրը արդի է մինչ օրս։ Իսկ հիմա գիտեմ, որ այժմ նպատակ կա՝ կառավարության աջակցությամբ զուգահեռաբար աշխատելու, որովհետև քաղաքային բյուջեն, բնականաբար, բավարար չէ այդ ահռելի ծավալի աշխատանքը կատարելու համար։ Նախատեսվում է հիմնովին փոխել ամբողջ տրանսպորտային համակարգը և կարգավորել հարցը։

 

-Կա՞ն այլ հարցեր ու խնդիրներ, որ 2023-ին է նախատեսվում լուծել։

-Քանի որ ես Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն եմ, այս մասով ասեմ, որ մեկ հարց ԱԺ-ում դրվեց օրենքի փոփոխության՝ կիսակառույցների գույքահարկի բարձրացման հետ կապված, որը բերելու է կարգավորման, որովհետև Երևանում բազմաթիվ կիսակառույցներ կան։ Հնարավորություն կլինի կիսակառույցի սեփականատիրոջից ամբողջությամբ գանձել գույքահարկ, որն այսօր բյուջե չի մտնում։ Երկրորդ՝ քաղաքի էսթետիկ տեսքը, և երրորդ՝ այդ կառույցների չշահագործելը և կիսակառույց վիճակը «ապահովում է» քաղաքի փոշին  ու կեղտը։ Վստահ եմ, որ 2023-ին այս ոլորտն էլ կկարգավորվի։

-Ձեր մաղթանքը երևանցիներին և, առհասարակ, մեր հայրենակիցներին՝ Նոր տարվա և Սուրբ ծննդի առթիվ։

-Մաղթում եմ սեր և հավատալ հեքիաթներին, որովհետև կյանքը հեքիաթ է։

Հայկ Մագոյան