Երևան

Հերքում են վերելակների հիմնանորոգման գործընթացում առկա անհամապատասխանությունների մասին տեղեկությունը

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել Երևանի քաղաքապետարանում, արդյունքում՝ նախկին քաղաքապետի օրոք վերելակների հիմնանորոգման գործընթացում անհամապատասխանություններ են հայտնաբերվել:

Ըստ ՀՊ-ի՝ վերելակների փոխարինման առաջնահերթությունների ընտրանքը վարչական շրջանների կողմից կատարվել է՝ առանց համապատասխան չափորոշիչներ սահմանելու: Բացի այդ, քաղաքապետարանի հայտարարության հրավերում նշված չի եղել խորանի խորությունը, և որոշ տեղերում սխալ է նշված վերին հարկի բարձրությունը: 

Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից ասացին, որ վերելակների՝ առանց համապատասխան չափորոշիչներ սահմանելու փոխարինման մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Վարչական շրջաններում վերելակների ընտրությունը կատարվում է համատիրությունների և վերելակային ծառայությունների համատեղ քննարկման արդյունքում, այսինքն, միանշանակ հաշվի են առնվում այն բոլոր շենքերը, որտեղ ավելի սրված է վերելակները փոխարինելու խնդիրը։ Ոչ ոք ըստ սեփական հայեցողության չի առաջնորդվում, քանի որ ունենք առաջնահերթության կարգով փոխարինելու անհրաժեշտություն, ու այդ չափորոշիչները պահպանվում են։ Միանշանակ, որևէ կերպ այդ ընթացակարգը չի խախտվում, պարզապես վերելակային ծառայությունները ընտրության ժամանակ նաև համատիրությունների շենքերի վիճակի ընդհանուր մասնագիտական վերլուծություն են անում՝ համատիրությունների աշխատակիցների հետ խորհրդակցելով։ Այստեղ առաջնայինը մասնագիտական եզրակացությունն է, որի հիման վրա, ըստ առաջնահերթության, պետք է որոշվի հնարավոր այն ցանկը, որն առաջնային է»։

Ինչ վերաբերում է խորաններին՝ քաղաքապետարանից ասացին. «Ամեն վերելակ ունի իր սպեցիֆիկան՝ խորանի խորության տարբերություն, առանձնահատկություն և այլն։ Վերելակը փոխարինելիս՝ ամեն շենքի սպեցիֆիկան հաշվի առնելով է խնդիրը կարգավորվում։ Հիմա խորանների պարտադիր խորության պարտադիր պայմանը չի դրվում, որովհետև տեղում է պետք հասկանալ՝ տվյալ շենքի առանձնահատկությունից ելնելով՝ ի՞նչ սկզբունքով է պետք մոտեցումը կազմակերպել»։