Միջազգային

Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել

ԱՄՆ հետախուզական ծառայությունները պարզել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, չի պատվիրել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի սպանությունը, որը մահացել էր Արկտիկայի բանտում այս տարվա փետրվարին, գրել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ 

47-ամյա Նավալնին վերջին տարիներին ակտիվ քննադատում էր ՌԴ նախագահին։ Նավալնու համախոհները, որոնց ՌԴ իշխանություններն անվանում են ծայրահեղականներ, մեղադրել էին Պուտինին Ալեքսեյի սպանության մեջ և ասել, որ ապացույցներ կներկայացնեն:

Ըստ աղբյուրի՝ Կրեմլը հերքում է իր առնչությունը։ Անցյալ ամիս Պուտինը Նավալնիի մահն անվանել էր «տխուր» իրադարձություն և հայտարարել, որ պատրաստ էր քաղաքական գործչին հանձնել Արևմուտքին՝ գերիների փոխանակման շրջանակներում՝ պահանջով, որ նա չպետք է վերադառնա Ռուսաստան: Նավալնիի համախոհները նշել են, որ նման բանակցություններ, իրականում, տեղի են ունեցել։

«Զեկույցում ասվում է, որ Վաշինգտոնը չի ազատում ռուս առաջնորդին Ալեքսեյ Նավալնիի մահվան պատասխանատվությունից՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը երկար տարիներ հետապնդումների թիրախ է դարձել ռուսական իշխանությունների կողմից։ Նա բանտարկվել է այն մեղադրանքներով, որոնք Արևմուտքը համարում է քաղաքական դրդապատճառներ, իսկ 2020 թվականին թունավորվել է»,- գրում է լրատվամիջոցը։

Կրեմլը հերքել էր կառավարության մասնակցությունը 2020 թվականի թունավորմանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ծանոթացել է Journal-ի զեկույցին, որը, ըստ նրա, պարունակում է «դատարկ շահարկումներ»։