Միջազգային

«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված նախապատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան․ հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Կցանկանայի Հայաստանի խորհրդարանի նախագահին հարց ուղղել. ում անունից է նա նման սյուժեներ հնչեցրել։ Հաստատ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը ։ Մենք չենք կարող անուշադրության մատնել նման ռուսատյաց ելույթները։  Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարանին, թե ում անունից է նա հանդես եկել, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է այդ հավաքի ժամանակ հնչած գնահատականները», - ասել է Դաշնության խորհրդի խոսնակը ։

Նա հույս է հայտնել, որ երկրի խորհրդարանն էլ կհարցնի խոսնակից, թե «ով է իրեն իրավունք տվել Հայաստանի անունից հանդես գալ նման արտահայտություններով, և նաև գնահատական կտա»․ «Մենք անուշադրության չենք մատնի այսպիսի ռուսատյաց, հակառուսական ելույթները։ Ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար, որ նա արդեն բոլոր կարմիր գծերն անցել է», - ասել է Մատվիենկոն։

Հիշեցնենք՝ ելույթ ունենալով ԵՄ խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում՝ Սիմոնյանը հայտարարել է. «Համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»: