Միջազգային

«Հայաստանը կարող է օգտագործվել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ․ դա աղետ կլինի». Ալիև

«Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը մեր դեմ զինում են Հայաստանը․ մենք չենք կարող նստել ու սպասել»․ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ խոսելով տարածաշրջանային խնդիրներից։ 

Ալիևը նշել է. «Նրանք դա անում են բացահայտ, ցուցադրաբար և նույնիսկ փորձում են մեզ ինչ-որ բան ապացուցել: Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել: Մենք այդ դիրքորոշումը հստակ հասցրել ենք Հայաստանի կառավարությանը և կողմերին, որոնք այսօր փորձում են հոգ տանել Հայաստանի մասին։ Եթե մեզ համար լուրջ սպառնալիք լինի, մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք։ Հայաստանին փորձում են դարձնել իրենց ֆորպոստը տարածաշրջանում։ Մենք իրավունք ունենք մտահոգ լինել։ Մեր ուղերձը պարզ է, նրանց, որոնք ցանկանում են օգտագործել Հայաստանին Ադրբեջանի դեմ՝ մի՛ արեք դա․ կապ չունի՝ որքան զենք կուղարկեք։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց դա։ Մենք տարածքային պահանջ ու ցանկություններ չունենք, մենք միայն զգուշացնում ենք նրանց, որոնք մանիպուլացնում են։ Հայաստանը կարող է օգտագործվել Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտության մեջ։ Եթե դա նրանց համար լավագույն սցենարն է, դա նրանց որոշելիքն է, բայց դա կարող է աղետ լինել։ Եվ նրանք, որոնք խոստանում են բացարձակ ու շարունակական օգնություն, առաջին իսկ սահմանային կրակոցից կլքեն նրան։ Եվ եվրոպացի թոշակի անցած զինվորականներն ու ոստիկանները, որոնք Հայաստանում են ու կիրառում են հեռադիտակային դիվանագիտություն, պետք է շնորհակալ լինեն մեզ, որ մենք իրենց չենք պատասխանում։ 

Կրկին տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը անցնում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացով։ Մենք որոշակի դրական տենդենցներ տեսնում ենք, բայց դա բավարար չէ։ Եվ մենք գիտենք՝ ինչպես նրանք կարող են մտափոխ լինել։ 2019թ. նրանք ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», և դա պատերազմի հարուցիչ էր, հիմա նրանք ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», միգուցե 5 տարուց, երբ նրանք մահաբեր զենքով զինվեն, կրկին ասեն՝ «Ղարաբաղը Հայաստան է», և ի՞նչ ենք մենք անելու։ Մենք չենք կարող սպասել», - նշել է Ալիևը։