Միջազգային

G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը

G7 ԱԳ նախարարները հայտարարություն են տարածել, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերություններին․ 

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Մենք հիշեցնում ենք կողմերի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հրապարակված համատեղ հայտարարությունը և կոչ ենք անում նրանց՝ պահպանել համագործակցության այդ ոգին իրենց հետագա փոխգործակցություններում: Հետագա էսկալացիան անընդունելի կլինի։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և խրախուսում ենք համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց տները: «Մեծ յոթնյակը» և նրա անդամները պատրաստ են աջակցել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, մասնավորապես, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրվող բանակցային սահմանված մեխանիզմների շրջանակներում, որոնց անխոնջ ջանքերը բարձր ենք գնահատում:

Վերահաստատում ենք 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հավատարիմ լինելու կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կոչ ենք անում ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և բացել բոլոր սահմանները, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանը»։