Միջազգային

Կոչ ենք անում լրջորեն մասնակցել խաղաղության բանակցություններին. Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական, հայ-ադրբեջանական բանակցությունների մասնակից Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին։ Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ համաձայնության գալու վերաբերյալ քննարկումներ են եղել Վաշինգտոնում՝ Հայաստան-Ադրբեջան հանդիպումների շրջանակում։

Հաջիևը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, հայտարարել է. «…Այս և այլ հակասական հայտարարությունները և անհարկի նոր տարրերը, որոնք վերջերս առաջ են քաշվել հայ պաշտոնյաների կողմից, վկայում են հայկական կողմի մտադրության մասին՝ միտումնավոր տապալել խաղաղ համաձայնագրի բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների իմիտացիա: Մենք հայկական կողմին խորհուրդ ենք տալիս հրաժարվել նման կործանարար գործողություններից, քաղաքական կամք դրսևորել տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու և խաղաղության պայմանագրի բանակցություններին լրջորեն մասնակցելու համար»:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն հերքել է Հաջիևի ասածները՝ պնդելով, որ այդ թեմայով բանակցություններ եղել են. «Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և հստակություն է եղել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք հավանություն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն։ Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այն դժվարացնում է հայկական կողմի՝ խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալը», - նշել է Գրիգորյանը։