Միջազգային

Իրանը պատրաստ չէ ճնշման և սպառնալիքների ներքո երկխոսության գնալ

Իրանի արտգործնախարարության խոսնակն իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է, որ Իրան-Արևմուտք «միջուկային գործարքի» բանակցություններն ունեն իրենց տրամաբանությունը, և Թեհրանի դիրքորոշումը պատժամիջոցների վերացման բանակցությունների վերաբերյալ ակնհայտ է։

«Ամերիկյան պաշտոնյաները գիտեն, որ Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել կամ զիջումների գնալ ճնշման և սպառնալիքների ներքո։ Իրանը հավատարիմ է համաձայնագրի դրույթներին և կատարել է իր պարտավորությունները։ ԱՄՆ կառավարությունը խախտեց միջուկային համաձայնագիրը, և, այս առումով, համաձայնագրի եվրոպական կողմերը, ցավոք, չկատարեցին իրենց պարտավորությունները և չկարողացան փոխհատուցել համաձայնագրից Միացյալ Նահանգների միակողմանի և անօրինական դուրս գալը»,- ասել է Քանանին։

Նրա խոսքով՝ Իրանը հավատարիմ է մնում բանակցությունների ուղուն. «Համաձայնագիրը միայն ԻԻՀ-ին չի պետք. այն ավելի շատ Արևմուտքին, Եվրոպային և ԱՄՆ-ին է պետք, քան՝ Իրանին։ Կողմերը կարող են ավարտել բանակցությունները և համաձայնության գալ՝ որքան հնարավոր է շուտ»,- հավելել է Քանանին։