Միջազգային

Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ, տեղի կունենա այսօր՝ Մոսկվայում։

Խորհրդի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարները։

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը կլսի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «2021-22թթ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման արդյունքների մասին» զեկույցը։ Քննարկվելու են պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, ՀԱՊԿ երկրներում ընտրական գործընթացների պաշտպանության ապահովման ոլորտում առաջարկությունների նախագծերը, մի շարք այլ փաստաթղթեր։

ՀԱՊԿ-ում նախագահությունը Բելառուսին անցնելու կապակցությամբ Բելառուսի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները 2023թ նախագահության ժամանակահատվածում։