Միջազգային

Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը։ 

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- հավելել է Ալիևը։

Ալիևը նաև նշել է, որ «Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի քննադատությունը Ադրբեջանի հասցեին, Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձևը, Ֆրանսիայի Ազգային ժողովի հերթական հակաադրբեջանական բանաձևը Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին։ Եվ սա ոչ թե մեր, այլ նրանց մեղքն է, քանի որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը երբևէ պաշտոնապես որևէ կողմ չեն աջակցել»։