Միջազգային

Ինչի՞ մասին են խոսելու Ալիևն ու Փաշինյանը Բրյուսելում

Բրյուսելում՝ Անդրկովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ, կայացել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Գաջիևի և Հայստանի ԱԽ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը: Սա, Լեռնային Ղարաբաղում վերջերս իրավիճակի սրացումից հետո, առաջին նման մակարդակի հանդիպումն էր:
 Այն տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա մի շարք խնդիրների լուծմանը միտված համատեղ ջանքերի համատեքստում, որոք նախանշվել են 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրամիության ներկայացուցիչ Շարլ Միշելի հետ ունեցած բանակցությունների ժամանակ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նման ձևաչափով հանդիպում նախատեսվում է անցկացնել 2022 թվականի ապրիլի 6-ին՝ Բրյուսելում, իսկ Գաջիևն ու Գրիգորյանը իրականացնում են դրա նախապատրաստական աշխատանքները: Ընդ որում, նշվում է, որ խոսքը գնում է 2020-ի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի իրագործման հեռանկարների մասին: 

Բայց կա խնդրի այլ կողմը: Բրյուսելը, Բաքուն և Երևանը գիտակցում են, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը կարող է բերել Անդրկովկասում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի քաղաքականության մեջ որոշակի փոփոխությունների: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Արևմուտքի համար այս տարածաշրջանի դերը մեծանում է՝ որպես իր սակավաթիվ էներգետիկ միջանցքներից մեկը, որը կարող է թույլ տալ Եվրամիությանը՝ դիվերսիֆիկացնել հասանելիությունը Կասպից ծովի էներգակիրներին և օգտագործել այն՝ որպես Ռուսաստանին այլընտրանք և տրանզիտային միջանցք: Այդ առումով, Բրյուսելը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը կարող է խարխլել դեռևս չկայացած տարածաշրջանային կայունությունը և լուրջ վտանգ դառնալ էներգակիրների՝ տարածաշրջանից դեպի միջազգային շուկաներ փոխադրման անվտանգության ապահովման համար: Այդ պատճառով Եվրամիությունը տեսականորեն կարող է ստանձնել տարածաշրջանային անվտանգության երաշխավորի դերը: Իսկ եթե խնդրի մասին խոսենք պրակտիկ առումով, ապա Եվրամիությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և խաղաղության համաձայնագրի մշակման հարցերում անմիջական մասնակցություն չի ունեցել: 

Այս ոչ դյուրին իրավիճակից դուրս գալու համար Միշելին անհրաժեշտ է՝ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ հանդես գալ ոչ միայն որպես միջնորդ, այլև որոշակի լուծումների տարբերակներ առաջարկել կողմերին: Բացի այդ, հակառակ Հայաստանի վարչապետի կոչերին՝ Մինսկի խումբը ցույց չի տալիս կենդանության նշաններ, և ոչ ոք չգիտի՝ այս ձևաչափի անհրաժեշտությունը առհասարակ կլինի՞, թե՞ ոչ: Թեև Բրյուսելում կուլուարային շշուկներ են պտտվում, որ Բրյուսելը կարող է առաջարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների և այլ երկրների ներկայացուցիչների «միախառնման» սցենար, որպեսզի նվազեցնի Մոսկվայի՝ միակ «հրշեջ խմբի» դերում հանդես գալու հնարավորությունները տարածաշրջանում: Շատերը գտնում են, որ միայն այդ դեպքում Եվրամիությունը կդրսևորի իրեն՝ եթե ոչ որպես առաջատար, ապա՝ գոնե որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանից և Թուրքիայից հետո նկատելի խաղացող: Բայց արդյո՞ք Բաքվին և Երևանին, որոնք դեռևս կաշկանդված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորություններով, սա ձեռնտու կլինի: Եվ մի՞թե պատահական են թուրքական կողմի կոչերն՝ ուղղված Ադրբեջանին և Հայաստանին, որ հասնեն իրենց միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ առանց երրորդ կողմի մասնակցության: 

Պատահական չէ նաև այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսեց արևմտյան «գործընկերների» կողմից որոշակի դժգոհության և հավակնությունների մասին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրում Ռուսաստանի ունեցած միջնորդական հաջողություններին: Այժմ Եվրամիությունը, Անդրկովկասի ետպատերազմական շրջանում և ուկրաինական դեպքերի ֆոնին, փորձում է ցատկ կատարել դեպի տարածաշրջան և հնարավորությունների եզր որոնել՝ Ռուսաստանի դիրքն այնտեղ թուլացնելու նպատակով: Հաշվի առնելով, որ ներկայումս ընթանում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բանակցային գործընթացը, Բրյուսելը չի բացառում Թուրքիայի միջոցով իր մուտքը տարածաշրջան իրականացնելու տարբերակը: Պատճառները զուտ աշխարհագրական են: Եվրամիությունը չունի ուղիղ միջանցք և պլացդարմ՝ այդ ցատկը կատարելու համար: Ուկրաինայից Սև ծովով ճեղքման հնարավորությունը վերանում է, Ռումինիան և Բուլղարիան բավականաչափ զորեղ չեն և հեռու են գտնվում: Այդ պատճառով, ըստ շատ վերլուծաբանների, Բրյուսելը կարող է ակտիվացնել իր խաղը երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտված Հայաստանի հետ՝ նաև այս երկրում առկա տևական քաղաքական ճգնաժամը օգտագործելով իր շահերի համար: Այնպես որ, Ալիև-Փաշինյան հանդիպումը Բրյուսելում խոստանում է հագեցած լինել իրադարձություններով և ինտրիգային է:

Կողմերը կարող են նախանշել «հարաբերությունների  վերամեկնարկումը»՝ հիմնվելով ընդհանուր աշխարհաքաղաքական շահերի վրա և մեկնարկ տալ քաղաքական  բազմաքայլ կոմբինացիաներին: Սակայն նրանք կարող են և համաձայնության չգալ: Այնուամենայնիվ, բոլորը սպասում են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը, քանի որ ունակ են տարատեսակ սցենարների դեպքում տարբեր ձևով օգտվել բացվող հնարավորությունների արդյունքներից: Մոսկվան այդ ամենը տեսնում է և գիտակցում, սակայն բացառել կամ կտրել  Բաքվի և Երևանի փոխազդեցությունը այլ դերակատարների հետ՝ մտադրված չէ: Համենայն դեպս, առայժմ:

(c) Ստանիսլավ Տարասով 

(c) Regnum