Միջազգային

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում քննարկել են հարցերի լայն շրջանակ. Կլաար

ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական «Ապա» գործակալության հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ԵՄ-ի դերակատարմանը։

Խոսելով դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում ԵՄ տեխնիկական աջակցության մասին՝ Կլաարը նշել է, որ այդ հարցը վերջին տարում եղել է ԵՄ միջնորդական ջանքերի օրակարգում, մասնավորապես, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ անձնական հանդիպման ժամանակ։ «Այդ համատեքստում ուրախ եմ նշել, որ երկու օր առաջ Բրյուսելում ես օգնեցի կազմակերպել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին հարաբերությունների հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի հետ։

Այդ հանդիպումն ուղղված էր շարունակելու և զարգացնելու համատեղ ջանքերը երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Ի շարունակություն պայմանավորվածությունների, որոնք ձեռք էին բերվել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ԵՄ-ի և երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, մասնակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված տարածաշրջանում քաղաքական իրավիճակի ու անվտանգության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների։ Ուրախ եմ, որ մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։

Ըստ Կլաարի՝ քննարկվել են նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը նախանշված է 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում։

Հայաստանին ուղղված Բաքվի 5 կետանոց առաջակի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ Կլաարը նշել է, որ Եվրամիությունը, ինչպես և շատերը միջազգային հանրությունում, ընդգծում է հարցերը համապարփակ կերպով լուծելու կարևորությունը, որը կապված է հակամարտության հետ։ «Իհարկե, Ադրբեջանի առաջարկը կարևոր է, և Հայաստանի պատասխանն է կարևոր։ ԵՄ-ն կարևոր է համարում, որ այդ քայլերը նպաստեն համապարփակ կարգավորմանը, քննարկումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։