Միջազգային

ԱՄՆ-ն կարող է ՌԴ-ին արտահանձնել աշխարհահռչակ զենքի բարոնին

Պաշտոնական Մոսկվան հույս է հայտնել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դատապարտյալների փոխանակման հարցերը ավելի կակտիվանան։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ փոխանակման ենթակա անձանց ցուցակում է հայտնվել հայտնի Վիկտոր Բուտը։ Նա աշխարհի ամենահայտնի զենքի վաճառողներից է եղել, կյանքի պատմությունը ընկել է հոլիվուդյան ֆիլմի հիմքում։

Բուտը խորհրդային ռազմաօդային ուժերի սպա է, ով զբաղվել է զենքի մաքսանենգությամբ, անօրինական առևտրով, ձերբակալվել Թայլանդում և արտահանձնվել ԱՄՆ։ ԱՄՆ-ում Բուտը դատապարտվել է 25 տարի ազատազրկման։ Փոխանակման հնարավորության և ԱՄՆ-Ռուսաստան քննարկումների մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Առաջին անգամ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարեցին, որ Բուտը կարող է ներառվել փոխանակման մեջ: ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր, որ պատրաստ է կազմակերպել անձանց փոխանակում՝ ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիներին ազատելու համար։