Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ի հայտարարություններին՝ հնչեցնելով մեղադրանքներ և կրկնելով Իլհամ Ալիևի՝ նախկինում հնչեցրած գրեթե բոլոր թեզերը մեկ տեքստում։ Ադրբեջանի ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրությունը «անընդունելի է համարել» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության նախապատրաստման մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի ղեկավարության այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին խոսել է «միջանցքի», կոմունիկացիաների բացման մասին, Հայաստանին վերագրել հարևաններից տարածքային պահանջներ ունենալու և այլ հարցեր՝ միաժամանակ Հայաստանին մեղադրելով ոչ կառուցողական դիրքորոշման և «խոստումները» չկատարելու մեջ։ 

Վերջում Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին խոսել է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մասին ու շարունակել մեղադրանքների շարանը ուղղված Հայաստանին՝ նշելով, թե Հայաստանի «ոչ կառուցողական» դիրքորոշումն է ապակայունացնում տարածաշրջանը։