Միջազգային

Վրաստանը Լեհաստանի հետ անօդաչուներ կարտադրի

Վրաստանի իշխանությունները մինչև տարեվերջ նախատեսում են սկսել անօդաչու թռչող սարքերի թողարկումը, որոնք մշակվել են Լեհաստանի հետ համատեղ: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Ինչպես նշել է նախարարը, աթս-երի արտադրության գործարանը կաշխատի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի բազայի վրա: «Մենք «Դելտա» ընկերության հետ մասնավոր ձեռնարկություն ենք հիմնել։ Մինչև տարեվերջ կսկսենք անօդաչու սարքեր արտադրել»,- ասել է Բուրչուլաձեն՝ հավելելով, որ խոսքը Լեհաստանի հետ համատեղ ձեռնարկության մասին է։

2021 թվականից Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման շրջանակներում արտադրվում է GI4 հրացան՝ իսրայելական արտոնագրով։ Առայժմ թողարկվել է հինգ հրացաններից բաղկացած թեստային խմբաքանակ։ Այս պահին տեղի է ունենում հայտնաբերված թերությունների վերացում, որից հետո կսկսվի զենքի զանգվածային արտադրությունը։