Միջազգային

Մոսկվան կոչ է անում՝ հարգել Կոսովոյի սերբերի իրավունքները

Մոսկվան կոչ է անում Պրիշտինային և նրա թիկունքին կանգնած ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ դադարեցնել սադրանքները և հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված պաշտոնական մեկնաբանությունում։

«Իրադարձությունների՝ նման զարգացումը ԵՄ միջնորդական առաքելության ձախողման ևս մեկ վկայություն է»,- ասել է նա։

Ինչպես նշել է Զախարովան, սա նաև վկայությունն է այն բանի, որ Եվրամիությունում Բելգրադին դե ֆակտո առաջարկում են համակերպվել իր հայրենակիցների իրավունքների բացակայության հետ։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն կսկսի տարածաշրջանի հյուսիսում և կարգելափակի այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։

Վուչիչը հորդորել է Կոսովոյի իշխանություններին՝ պահպանել խաղաղությունը, և զգուշացրել, որ Կոսովոյում սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում «Սերբիան կհաղթի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերբիայի ՊՆ-ն հերքել էր Կոսովոյի և Մետոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը և կոչ էր արել ապատեղեկատվություն չտարածել։