Միջազգային

Ալիևն Էրդողանին պատմել է բրյուսելյան հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատմել է նախորդ օրը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունների մասին։ Իլհամ Ալիևն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը. երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորում, տրանսպորտային միջանցքների բացում, սահմանների սահմանազատում։ 

Ալիևը նշել է, որ կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի ստեղծման մասին։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, այդ թվում՝ ինչպես երկաթուղու, այնպես էլ մայրուղու կառուցման։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել եռակողմ հանդիպման մասին տեղեկատվության համար և բարձր է գնահատել դրանում ձեռք բերված դրական արդյունքները։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում շուտափույթ խաղաղության հասնելու կարևորությունը։