Միջազգային

Ադրբեջանցի պատգամավորներն ԱՄՆ-ին մեղադրել են երկակի ստանդարտ կիրառելու մեջ

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներն այսօրվա նիստում քննադատել են ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատգամավորներից Ազայ Գուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության վիճակի մասին Պետքարտուղարության զեկույցները չեն համապատասխանում իրականությանը։

«Ինչպե՞ս է հնարավոր, որ աֆրիկյան մի շարք երկրների ցուցանիշները վարկանիշներում մեզանից ավելի լավ լինեն»,- բողոքել է պատգամավորը։ Մեկ այլ պատգամավոր՝ Սիյավուշ Նովրուզովն էլ ասել է, որ ինքը՝ ԱՄՆ-ն, մնացել է նույն դիրքում, ինչ 10 տարի առաջ։ «Մի շարք եվրոպական երկրներում ոստիկանությունը բռնություն է կիրառում միգրանտների նկատմամբ։ Երբեմն մենք տեսնում ենք շրջված նավակների և խեղդվող միգրանտների կադրեր։ Սակայն ԱՄՆ Պետքարտուղարությունը նման դեպքերին չի արձագանքում»,- ասել է Նովրուզովը։

Պատգամավոր Սահիբ Ալիևն էլ դժգոհել է, որ Միացյալ Նահանգները, իբր, Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ է կիրառում ու մեղադրանքներ հնչեցրել։ «Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականության արդյունքում նա պայմաններ է ստեղծում մարդկանց թրաֆիքինգի ընդլայնման համար։ Հիմա էլ պատերազմն Ուկրաինայում։ Դեռ այս իրադարձություններից առաջ նրանք դա օգտագործում էին  մարդկանց առևտրի ոլորտում տարանցման համար»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։