Միջազգային

Ալիևը ծաղրել է Մինսկի խմբին

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված էր ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացմանը հավերժացնելուն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Շուշիում ընթացող աշխարհի ադրբեջանցիների V համագումարում։

«Միջնորդների մասով՝ ուզում եմ նշել, որ, ցավոք, հիմա էլ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ՝ դատարկ է և իմաստ չունի։ Մինսկի խումբը, փաստացի, կաթվածահար է եղել 2019թ.։ Եթե ​​հիմա նայեք այս խմբի առաջարկների պատմությանը, կարող եք ևս մեկ անգամ տեսնել, որ այն չի ստեղծվել այս խնդիրը լուծելու համար: Այն ստեղծվել է ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար»,- ասել է Ալիևը` հիշեցնելով, որ 1992 թվականին մանդատ ստացած Մինսկի խումբը գործնականում ոչ մի արդյունքի չի հասել։

Ալիևը նաև նշել է, որ հայկական լոբբին շատ ուժեղ է այն երկրներում, որոնք եղել են Մինսկի խմբի համանախագահներ, և, այդ պատճառով, 28 տարվա գործունեության արդյունք չի եղել։ «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասացի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո նրանք նույնիսկ հնարավորություն չունեն՝ նշելու տարեդարձը»,- ընդգծել է Ալիևը։