Ուկրաինական ճգնաժամը կարող է մարդկության ավելի քան մեկ հինգերորդին, այսինքն՝ մինչեւ 1,7 միլիարդ մարդու հասցնել աղքատության և սովի շեմին։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չեխական Seznam Zprávy-ին տված հարցազրույցում։
«Մենք բոլորս տեսնում ենք Ուկրաինայում ծավալվող ողբերգությունը։ Բայց իր սահմաններից դուրս պատերազմը լուռ հարձակում է սկսել զարգացող աշխարհի վրա: Ճգնաժամը կարող է մինչև 1,7 միլիարդ մարդու, այսինքն՝ մարդկության ավելի քան մեկ հինգերորդին, գցել աղքատության և սովի մեջ»,-ասել է նա։
Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի և գարու արտադրության մոտ 30 տոկոսը, եգիպտացորենի 20 տոկոսը և արեւածաղկի ձեթի արտադրության կեսից ավելին: Բացի այդ, Ռուսաստանը բնական գազի առաջատար արտահանողներից է և նավթի երկրորդ խոշոր արտահանողներից մեկը։