Միջազգային

«Եթե նորից միջոցներ հատկացվեն Հայաստանին զինելու համար, Ադրբեջանը դա կդիտի որպես ոչ բարեկամական քայլ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե միջոցներ հատկացվեն Հայաստանին զինելու համար, Բաքուն դա կընկալի որպես ոչ բարեկամական քայլ։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի հայկական տեխնիկա։ Հարց է՝ որտեղի՞ց է Հայաստանը ստանում այդպիսի գումար, որտեղի՞ց են այդ վարկերը, մարվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այդ վարկերը չլինեին, միանգամայն վստահ եմ, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի»,- երեքշաբթի ասել է Ալիևը։ Ալիևի խոսքով՝ եթե Հայաստանին այդքան զգալի միջոցներ չհատկացնեին սպառազինության համար, ապա Երևանը, «գլուխ խոնարհած», կգնար բանակցելու Բաքվի հետ: «Հետևաբար, եթե գումար հատկացվի Հայաստանին զինելու համար, մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան կերպով կարձագանքենք»,- ընդգծել է Ալիևը։

Ալիևը նշել է, որ այժմ գլխավոր խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ «Բոլոր կազմակերպությունները, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում, ընդունելի են: Հայաստանը դրական է արձագանքել հարաբերությունների կարգավորման մեր 5 հիմնական սկզբունքներին: Ես ուզում էի պարզաբանել այս կետը Բրյուսելում և ստացա անհրաժեշտ պատասխանը։ Եթե ​​Հայաստանն ընդունում է այս 5 սկզբունքները, դա նշանակում է, որ նա հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- ընդգծել է նա։