Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Բրյուսելում կայացած հանդիպմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը։

Ըստ այդ հայտարարության. «Այս հանդիպումը, որը դեռևս կողմերի՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած համատեղ հանդիպման շարունակությունն է, նվիրվել է տարածաշրջանային իրավիճակի, այդ համատեքստում անվտանգության, կայունության ու խաղաղության պայմաններում տարածաշրջանի զարգացման հարցերի քննարկմանը։ Հանդիպման ժամանակ լայնորեն քննարկվել են այն սկզբունքները, որոնք մշտապես հնչեցրել է Ադրբեջանը հետհակամարտային փուլում տարածաշրջանի զարգացման հետ կապված, այդ թվում հարցեր, որոնք վերաբերում են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալուն, կողմերի միջև խաղաղության և վստահության խրախուսման համար մարդասիրական քայլերի շարունակմանը, երկու պետությունների սահմանների սահմանազատման և սահմանագծման համար կոնկրետ քայլերի կատարմանը և տրանսպորտային և հաղորադակցության ուղիների բացմանը։

Հանդիպման արդյունքում ԵՄ խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ։ 

Հանդիպման ընթացքում կողմերի միջև խաղաղության և վստահության խթանման տեսանկյունից շեշտվել է մարդասիրական միջոցառումների նշանակությունը, այդ համատեքստում՝ անհետ կորած անձանց հետ կապված հարցերի, ականազերծման կարևորությունը, նշվել է, որ ԵՄ աջակցելու է տարածաշրջանում իրականացվող մարդասիրական ականազերծման, ինչպես նաև վերաբնակեցման և վերակառուցման աշխատանքներին»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի պատրաստումը։ «Ընդգծվել է երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման կարևորությունը և մասնավորապես համաձայնություն է ձեռք բերվել մինչև ընթացիկ տարվա ապրիլ ամսվա վերջ կազմել Սահմանային համատեղ հանձնաժողով։ Նշվել է նաև երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցության, այդ թվում՝ և՛ երկաթգծի, և՛ ավտոճանապարհների բացման կարևորությունը։ Կրկին հայտարարվել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել տրանսպորտային կապի ենթակառուցվածքների զարգացմանը»։