Միջազգային

Իրանն առաջարկում է Հնդկաստանին նավթ մատակարարել ռուփիով

Իրանը Հնդկաստանին առաջարկել է բավարարել իր էներգետիկ կարիքները՝ հնդկական ռուփիի դիմաց հում նավթ և բնական գազ մատակարարելով: Այս մասին երկուշաբթի հայտնել է The Economic Times-ը։ «Իրանը պատրաստ է նպաստել Հնդկաստանի էներգետիկ անվտանգությանը և վաճառել նրան հում նավթ և գազ՝ հնդկական ռուփիի դիմաց»,- ասվում է Հնդկաստանում Իրանի դեսպան Ալի Չեգենին հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է կրկին դառնալ Հնդկաստան նավթի խոշորագույն մատակարարներից մեկը։ «Մեր նավթի մատակարարումները և Հնդկաստանի հետ ողջ առևտուրը ռուփիով հաշվարկելը կօգնի մեր երկրներին՝ խուսափել երրորդ կողմի միջնորդությունից և ապրանքաշրջանառությունը հասցնել 30 միլիարդ դոլարի», - ընդգծել է դիվանագետը:

Չեգենիի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է նաև սերտորեն աշխատել Հնդկաստանի հետ՝ Իրան-Պակիստան-Հնդկաստան գազատարի նախագծի իրականացման դժվարությունների պատճառով բնական գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ գտնելու համար:

Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները Հնդկաստան՝ Թեհրանի հետ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալուց և հակաիրանական պատժամիջոցների սահմանումից հետո։ Մինչ այդ՝ հնդկա-իրանական առևտրում գործում էր առևտրային հաշվարկների փոխանակման մեխանիզմը. Հնդկաստանը իրանական նավթի համար վճարում էր ռուփիով, որն օգտագործում էին իրանական բանկերը՝ հնդկական ապրանքների ներմուծման համար:

Ներկայումս Հնդկաստանը Իրանից ներմուծում է նավթաքիմիական միզանյութ և սննդամթերք: Իրանը գնում է հնդկական մեքենաներ, ցեմենտ, պողպատ, գյուղատնտեսական և դեղագործական արտադրանք։ Ընթացիկ՝ 2021-2022թթ. ֆինանսական տարվա տասնմեկ ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 2 միլիարդ դոլար, իսկ 2019թ.՝ մինչև ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցների սահմանումը, այն հասել է 12 միլիարդ դոլարի։