Միջազգային

Պատրաստ են աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկումներից մեկի ընթացքում հայտարարել է․ «Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա: Մենք առաջարկ ենք ներկայացրել՝ ստորագրել ավելի պարզեցված հիմնարար փաստաթուղթ: Հուսով ենք` Հայաստանի համար հեշտ կլինի ընդունել, և սա կարևոր քայլ կլինի դեպի կարգավորում»։

Բայրամովը ադրբեջանական առաջարկների բովանդակությունը չի բացահայտել։ Երեկ նա միայն որոշ մանրամասներ էր հայտնել՝ խոսքը մեկ էջանոց փաստաթղթի մասին է, որը բաղկացած է հինգ կետից։ «Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձևակերպումներ չկան»,- ասել էր նա։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով` «փաստաթուղթը վերջերս է ներկայացվել», թե ում միջոցով, Ադրբեջանի արտգործնախարարը չի ասել։

Պաշտոնական Երևանը ևս չի գաղտնազերծում Բաքվից ստացված առաջարկները։ Նախօրեին Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, թե Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: