Միջազգային

Չինաստանը դեմ է «Թայվանի անկախության» անջատողական քայլերին

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը վերահաստատել է «Մեկ Չինաստան» սկզբունքին իրենց հավատարմությունը։ 

«Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանի, այսպես կոչված, անկախությանն ուղղված ցանկացած անջատողական գործողության», - ուրբաթ օրը հայտարարել է վարչապետ Լի Կեցյանը՝ խորհրդարանի հինգերորդ նստաշրջանից հետո կայացած ասուլիսում։ «Թայվանի հարցում մեր քաղաքականությունը պարզ է, ես դա արդեն ձևակերպել եմ կառավարության աշխատանքի հաշվետվության մեջ։ Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք «Մեկ Չինաստան» սկզբունքին և 1992թ․ կոնսենսուսին ու կտրականապես դեմ ենք ցանկացած անջատողական գործողությունների, որոնք ուղղված են Թայվանի, այսպես կոչված, անկախությանը», - ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Թայվանը ինքնակառավարվում է 1949թ․-ից, երբ Չիան Կայ-շեկի (1887-1975) գլխավորած ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Այդ ժամանակվանից կղզին պահպանել է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն են ունեցել երկրում՝ մինչև կոմունիստների իշխանության գալը: Պաշտոնական Պեկինը Թայվանը համարում է ՉԺՀ-ի գավառներից մեկը։