Միջազգային

Կկարողանա՞ Բերդիմուհամեդովի որդին փոխարինել հորը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, դարձել է Թուրքմենստանի արտահերթ նախագահական ընտրությունների առաջին գրանցված թեկնածուն։ Այսպիսով, Թուրքմենստանի ԿԸՀ-ն պաշտոնապես մեկնարկ տվեց պետության ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների առաջադրմանը։

Սերդար Բերդիմուհամեդովը 40 տարեկան է։ Թուրքմենստանի Սահմանադրության համաձայն՝ դա նախագահի թեկնածուների առաջադրման նվազագույն տարիքային շեմն է։ Այժմ Սերդարը զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը։ Նախկինում նա գլխավորել է Թուրքմենստանի Գերագույն վերահսկիչ պալատը, եղել է Պետանվտանգության խորհրդի անդամ և արդյունաբերության նախարար։

Նախագահի պաշտոնը լքելու ցանկության մասին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր փետրվարի 11-ին։ Դա տեղի էր ունեցել որդուն փոխվարչապետ նշանակելուց մեկ տարի անց։ Ելույթ ունենալով սենատորների հետ՝ 64-ամյա Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ ինքը «հասել է մարգարեի տարիքին», և սերնդափոխության անհրաժեշտության կա։ «Մեր երկրի զարգացման նոր փուլում պետական ​​կառավարման ճանապարհը պետք է տրվի երիտասարդ առաջնորդներին՝ դաստիարակված հոգևոր միջավայրում և արդիականության բարձր պահանջներին համապատասխան։ Երիտասարդներն առանձնանում են նրանով, որ համարժեք են դիմակայում ժամանակի արագ փոփոխվող իրողություններին», - հայտարարել էր Բերդիմուհամեդովը։

Վերլուծաբանները հատուկ ուշադրություն են դարձնում Բերդիմուհամեդով կրտսերի կերպարին։ Ըստ փորձագետների՝ նա կոպիտ է, և մարդիկ, ովքեր աշխատել են նրա հետ, պատմել են, թե ինչպես է նախագահի պոտենցիալ իրավահաջորդը սպառնում ծեծել իր ենթականերին կամ վիզները ջարդել։

Թուրքմենստանում արտահերթ ընտրությունները նշանակվել են մարտի 12-ին։ Պետության ղեկավարի պաշտոնի համար թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն գրանցված կուսակցությունները, ինչպես նաև՝ նախաձեռնող խմբերը, որոնք հավաքել են ընտրողների առնվազն 10 հզ․ ստորագրություն։ 2017թ. վերջին ընտրություններում գրանցվել էր 9 թեկնածու։ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել էր ձայների ավելի քան 97%-ը։ Հաղորդել է Euronews-ը։